Կրասնոդարի հայ համայնքից՝ տեղահանված արցախցիներին: Հերթական հումանիտար օգնությունը՝ սնունդ, հագուստ և դեղորայք, «Արաքս» հասարակական կազմակերպությունը հասցրել է Ստեփանակերտ:
Էդուարդ Ասատրյան («Արաքս» ՀԿ նախագահ) - Կռվի առաջին օրվանից ինչ պետք է եղել, ինչպես պետք է եղել, փորձել ենք կազմակերպել՝ ասես այստեղ ենք եղել: Կրասնոդարի երկրամասը հաշվեք՝ թիկունք է եղել հայությանը, և օգնել ենք:
Տասնյակ բեռնատարներով Երևան ուղարկելուց հետո նախաձեռնության մասնակիցները որոշել են օգնությունն անձամբ հասցնել Ստեփանակերտ, որ նաև տեղում գնահատեն կարիքները: Մինչև այդ փորձել են աջակցել Պաշտպանության բանակին:
Արտյուշա Շախբազյան («Արաքս» ՀԿ խորհրդի անդամ) - Զինվորական պարագաներ, զինվորական համազգեստներ, նաև հագուստ մեր քաղաքացիների համար: Այն, ինչ որ անհրաժեշտ է. այդքանը չեմ կարող թվարկել, շատ-շատ ենք ուղարկել:
Առաջին անհրաժեշտության պարագաներով նվիրատուներն ուզում են փոքր-ինչ մեղմել տուն ու տեղ կորցրած մարդկանց խնդիրները: Նախաձեռնության ակտիվիստների շարքում նաև արցախցի Ներսիսյան եղբայրներն են:
Սերգեյ Ներսիսյան («Արաքս» ՀԿ խորհրդի անդամ) - Մենք չէինք կարող հանգիստ նստել ու հանգիստ մեր կյանքը վայելել: Դրա համար կազմակերպեցինք: Մեզ նման դա արել են հազարավոր մարդիկ:
«Արաքս» կազմակերպությունը հումանիտար օգնություն կհասցնի նաև Մարտակերտ: Դեղորայքը կենտրոնական զինվորական հոսպիտալի համար է, հենասայլակները՝ հաշմանդամություն ստացած քաղաքացիների: