Հաշվի առնելով գնաճի ներկայի միտումները՝ Հայաստանի Կենտրոնական բանկը որոշել է միանգամից 1 տոկոսով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Ցուցանիշի բավականին զգալի փոփոխությունը պայմանավորված է համաշխարհային տնտեսության և ներքին շուկայում բացասական ազդակներով: Կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ 2020 թվականին Հայաստանում կգրանցվի 7 տոկոս տնտեսական անկում:
Մարտին Գալստյան, ՀՀ ԿԲ նախագահ - Կենտրոնական բանկի խորհուրդը գտնում է, որ տնտեսական հեռանկարների մասով, բարձր անորոշությունների ներքո, կարճաժամկետ հատվածում առկա են ուղեգծից գնաճի շեղման ռիսկեր վերևի ուղղությամբ:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանի սպառողական շուկայում 2020 թվականի նոյեմբերին 12-ամսյա գնաճը 2019-ի նոյեմբերի համեմատ կազմել է 1,6 %: Դա ոչ միայն վերահսկելի ցուցանիշ է, այն նույնիսկ չի հասնում Կենտրոնական բանկի սահմանած ներքին շեմին, որը կազմում է 2,5 տոկոս: Կառույցի նախագահ Մարտին Գալստյանը, միաժամանակ, կանխատեսում է՝ տարեվերջին գնաճի ցուցանիշը կճեղքի կամ ընդհուպ կմոտենա ներքին շեմին: Իսկ բուն գնաճը պայմանավորված է միանգամից մի քանի գործոններով:
Մարտին Գալստյան - Բավականին մեծ աճեր կան միջազգային շուկայում՝ պարենային ապրանքների մասով: Ինչպես նաև այս ամենին նպաստում է հայկական դրամի արժեզրկումը: Այս ամենի հիման վրա մենք որոշում ենք կայացրել բարձրացնել մեկ տոկոսով:
Դրամի փոխարժեքի գահավիժումից հետո շուկայում այժմ նկատվում է որոշակի կայունություն: Ներմուծման, արտահանման, տրանսֆերների, ինչպես նաև ուղղակի ներդրումների մասով Կենտրոնական բանկը որևէ արտառոց միտումներ չի արձանագրել: Մասամբ վերացել են նաև պատերազմի պատճառով առաջացած ռիսկերը: Իսկ դրամի արժեզրկումը կարգավորող մարմինը պայմանավորում է որոշ տնտեսվարողների վարքագծով՝ միջոցները պահել արտարժույթով:
Մարտին Գալստյան - Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այս վարքագծի ներքո, որ իրենք խզում են իրենց դրամային դեպոզիտները, տնտեսավարողները 5-7 միլիարդ դրամի կորուստ են կրել:
Այն, որ դրամի արժեզրկումը պայմանավորված է հիմնականում խուճապային տրամադրություններով, հաստատում է նաև Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: Հայաստանի միջազգային պահուստները վերջին եռամսյակում կրճատվել են մոտ 380 միլիոն դոլարով, սակայն ԿԲ-ն միայն մեկ անգամ է ինտերվենցիա կատարել, ընդ որում՝ գումարը չի գերազանցել 60 միլիոն դոլարը:
Բագրատ Ասատրյան, տնտեսագետ - 2020 թվականի տնտեսական տարին: Մենք ունեցել ենք, մոտավոր թվեր եմ ասում, ներմուծման 15 տոկոսի անկում, սակայն արտահանումը նվազել է ընդամենը 5 տոկոսով:
Ըստ այդմ՝ դրամի հետագա արժեզրկումը կամ ամրապնդումը պայմանավորված է լինելու, առաջին հերթին, տնտեսվարողների վարքագծով: