Միավորված ընդդիմադիր քաղաքական ուժերն այսօր վարչապետի հրաժարականի կոչով քայլարշավ են սկսել Սասունցի Դավթի արձանի մոտից:
Արժանապատվության քայլարշավի մասնակիցները կոչ են արել քաղաքացիներին միանալ իրենց բողոքի ակցիաներին: Երթին մասնակցող «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի պատասխանել լրագրողների հարցին՝ արդյոք ադրբեջանական կողմը իր միջոցով հինգ միլիարդ դոլարի դիմաց հողեր հանձնելու առաջարկ արե՞լ է, թե՞ ոչ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն էլ հայտարարել է, որ տարիներ շարունակ ստեղծված քաղաքական կեղծ օրակարգը հանգեցրել է ներկա իրավիճակին:
Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասել է, թե պայքարը ժամ առ ժամ նոր թափ է հավաքում, իրենց միանում են նոր քաղաքացիներ: