Էջմիածնի զորամասի անհայտ կորած զինծառայողների ծնողները, հարազատները հանդիպում էին պահանջում գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:
Անահիտ Ադոյան - էս անորոշությունն է մեզ էս օրին գցում, արդեն 55 օր է՝ հարց եմ տալիս՝ ասեք՝ երբ:
Զորամասի խումբը մեկնել էր Կովսական՝ մասնակցելու որոնողական աշխատանքներին: Ծնողների պնդմամբ՝ զորամասի անձնակազմը չի եղել առաջնագծում, առավել ևս չի մասնակցել մարտական գործողությունների:
Կիմա Ավետիսյան - Մինչև այսօր կամանդիրին հետաքրքիր չի՝ մեր զոհված ու ողջ տղերքը ինչ եղան:
Որդու վերջին զանգը հոկտեմբերի 20-ին էր: Ասել է՝ ավտոբուսով մեկնում են Կովսական՝ բլրակի մոտ որոնողական աշխատանքների, երկու օրից կվերադառնան Էջմիածին: Խմբի հետ եղել է նաև ուղեկցորդ՝ հանկարծ հակառակ ուղղությամբ չմեկնեն: Ստացվել է այնպես, որ նշված կետից, ծնողների պնդմամբ, ավտոբուսը 7 կմ առաջ է գնացել... և անհայտ կորել; Չեն հասկանում զորամասի հրամանատարի լռությունը;
Էջմիածնում հանդիպել են հրամանատարին: Ծնողներին ասել է՝ պետք է Կապան մեկնել, ինքն էլ կմիանա որոնողական աշխատանքներին; Հավատացել, մեկնել են Կապան, բայց հրամանատարն այդպես էլ Սյունիքի մարզկենտրոնում չի հանդիպել ծնողներին: Երկու օր Կապանում սպասել, վերադարձել են Էջմիածին:
Կիմա Ավետիսյան - Եկա տեսա՝ չաստի հայաթ կանգնած է, ասի՝ խի չես գնացել, ասաց՝ ինձ հրաման չեն տվել,: Այ սենց մեկը քցում է մյուսի վրա:
Ծնողները սպասեցին Պաշտպանության նախարարության մուտքի մոտ՝ հույս ունենալով, որ ինչ-որ մեկը կգա, ինչ-որ լուր կհայտնի։ Ծնողները կասկած չունեն՝ խումբը գերի է ընկել; Անհայտ կորած խմբից մեկ զինծառայող երեկ երեկոյան Ադրբեջանից ինքնաթիռով վերադարձել է Երևան։ Ծնողները պայքարում են՝ մյուս 40-ին ևս հնարավորինս արագ Հայաստան տեղափոխելու համար: Պաշտպանության նախարարություն զանգերը մնացին անպատասխան: