Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները նոյեմբերի 13-ից զոհվածների մարմինների որոնողական աշխատանքներ են իրականացնում: Առաքելությունն սկսել են Շուշիի մատույցներից:
Հունան Թադևոսյան, Արցախի ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ - Մինչ այս պահը մեր ջոկատները գտել և արդեն հանձնել են համապատասխան մարմին 828 դի: Թիվը կփոխվի ուշ երեկոյան, երբ որ արդեն որոնողական աշխատանքներից վերադառնան:
Եռօրյա ընդմիջումից հետո փրկարարական 5 ջոկատ առավոտից աշխատում է Մեխակավանում, Վարանդայում և Կարախանբեյլիում: Ընդմիջման պատճառը Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի, Բերդաձորի ենթաշրջանի ուղղությամբ ադրբեջանական վերջին սադրանքներն էին:
Հունան Թադևոսյան - Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 5 ջոկատ, երկուսը Ֆիզուլի և Կարախանբեյլի, երեքը՝ Ջեբրայիլի ուղղություններում, արդեն ընթացքում են:
Զոհվածների մասին տեղեկությունները հավաքագրում և քարտեզագրում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում: Այդ նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ:
Հունան Թադևոսյան - Բոլոր ուղղություններում աշխատանքներ կատարվել են: Բայց ծնողների հետ զրույցներից պարզվում է, որ դեռ կան մարմիններ:
Զոհվածների մարմինների որոնման աշխատանքներին նաև ծնողներն են մասնակցում, բայց սահմանափակ թվով: Ի դեպ, փրկարարներին օգնում են ռազմական գործողություններին մասնակցած զինծառայողները: