Մոտ 500 անուն դեղորայքի ցանկից անվճար կարող են օգտվել պատերազմի պատճառով Արցախից հարկադրաբար Հայաստան տեղափոխված քաղաքացիները: Անվճար դեղորայքի տրամադրման նոր կարգի համաձայն՝ առաջնային բուժօղակից դեղորայք կարող են ստանալ նաև ռազմական գործողություններին մասնակցած և վիրավորում ստացած կամավորներն ու պահեստազորայինները՝ անկախ նրանից՝ Հայաստանի՞, թե՝ Արցախի քաղաքացի են:
Վարդուհի Գրիգորյան, ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ - Հիմնականում՝ բոլոր դեղաբանական խմբերն ընդգրկված են: Կան և՛ ցավազրկողներ, և՛ հակաբիոտիկներ, և՛ արյան համակարգի վրա ազդող, կարգավորող դեղեր: Հիմնականում՝ բոլորը ճնշման դեղեր են, սրտային պրեպարատներ, բազմաթիվ խմբեր կան ընդգրկված:
Հարցին, թե ինչպե՞ս պետք է Հայաստանում բնակություն հաստատած Արցախի քաղաքացին առաջնային օղակից դեղ ստանա, երբ այստեղի գրանցում չունի, վարչության պետը պատասխանում է՝ նրանք պետք է հաշվառվեն այն տարածքում, որտեղ բնակություն են հաստատել: Եվ միջոցառումից կարող են օգտվել այնքան ժամանակ, քանի դեռ բնակվում են Հայաստանում:
Վարդուհի Գրիգորյան - Օրինակ՝ Արաբկիրի տարածքում, իրենք գնում են այնտեղի տեղամասային պոլիկլինիկա, կանգնում են հաշվառման, փաստաթղթերը թվարկված է, օգտվում են բոլոր այն իրավունքներից, որն այս որոշումը ենթադրում է, կոնկրետ հիմանական դեղերի ցանկում առկա բոլոր դեղերը իրենք ստանում են անվճար:
Որոշումն անցած շաբաթ ուժի մեջ է մտել և նշված խմբերի քաղաքացիներն արդեն պոլիկլինիկաներից կարող են ձեռք բերել բժշկի կողմից ցուցված և իրենց հասանելիք անվճար դեղորայքը: