Սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանը արգելված կասետային զինատեսակներով, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ հրթիռներով թիրախային հարվածներ էր հասցնում Արցախի բնակավայրերի և խաղաղ բնակչության ուղղությամբ` պատմում է պատերազմի ականատես լրագրող Աբաս Ջուման: Նա որոշել է իր արած լուսանկարների օգնությամբ պատմել աշխարհին Արցախյան 44-օրյա պատերազմում հայտնված մարդկանց և նրանց ճակատագրերի, կորուստների, հրաշքով փրկության ու ավերված հողի մասին։
Աբաս Ջումա (Լրագրող, միջազգայնագետ) - «Անօդաչուն հարվածում էր, մարդիկ սկսեցին փախչել, բայց այն հետևեց մարդկանց ու թիրախավորված հարվածներ հասցրեց: Մարդիկ հասնում էին ավտոբուսների մոտ, և հենց այդ ժամանակ ճակատագրական հարված հասցվեց, որը սպանեց մի աղջնակի, վիրավորեց 3 տարեկան տղային և իր մորը»:
Պատերազմի անհագ ցանկությամբ վարակված մարդիկ ագրեսորներ են, որոնք ցավ ու կորուստ բերեցին Արցախին, ասում է լրագրողը
Աբաս Ջումա - «Սա մարդկանց մասին պատմություն է, որոնք, չնայած կյանքին սպառնացող վտանգին, չցանկացան լքել իրենց տները: Նրանք մինչև վերջ մնացին իրենց տներում, որոնք իրենք կամ իրենց ապուպապերն են կառուցել»:
Մարդկանց անմնացորդ նվիրումն իրենց հողին, նախնիների շիրիմներին, հուշակոթողներին, վառ ապացույց են, թե իրավամբ ում են պատկանում Արցախի պատմական հողերը:
Աբաս Ջումա - «Լուսանկարներից մեկում Վախթանգի պատմությունն է, որն ապրում էր իր վանահայր ապուպապի կառուցած տանը: Այդ տունը 300 տարեկան է: Դա պատասխան է այն հարցին, թե դա ում հողն է և ով է այնտեղ ապրում: Պատերազմը, բարեբախտաբար, չխլեց նրանից իր հարազատներին ու ընկերներին, այդ պատճառով Վախթանգը մեզ ժպիտով դիմավորեց՝ չնայած թիկունքում ավերակների վերածված տունն էր»:
Այդ ժպիտը, սակայն, չկար մնացած բնակիչների դեմքին, նրանցից շատերը պատերազմում կորցրին ոչ միայն տունուտեղ, ունեցվածք, այլև ընտանիքի անդամներին ու ընկերներին: Բայց, այնուամենայնիվ, արցախցիների աչքերում կրակը չմարեց: Պատերազմը չխլեց առաջ գնալու անկոտրում կամքը, արցախցին չի հանձնվում, ասում է Աբասը:
Աբաս Ջումա - «Տեսել եմ սմերչ, կասետային ռումբերը, Մարտունիում գրադի, կատյուշայի մնացորդներ, բեկորային արկերի հետքեր, արյուն եմ տեսել, զանգվածային ավերածություններ, անօդաչու թռչող սարքեր, օդային տագնապի ու պայթող արկերի ձայնն եմ լսել: Սարսափելի էր, բառերով չես փոխանցի, թերևս ավելի քան Սիրիայում ու Լիբիայում, քանի որ Սիրիայում գոնե գիտեիր, թե որտեղ է թշնամին, որ կողմից ու երբ կգա հարվածը: Իսկ այստեղ չգիտեինք՝ երբ կհարվածեն ու որտեղ, արդյունքում քանի զոհ ու վիրավոր կլինի»:
Աբասը երկու անգամ այցելել է Արցախ՝ պատերազմի ժամանակ և դրանից հետո։ Իր առաջին գործուղման ընթացքում ականատես է եղել Ստեփանակերտի և այլ քաղաքների ռմբակոծությանը։ Բազմաթիվ նյութեր է հրապարակել սովորական արցախցիների և իրենց տները լքած ու Երևանում ապաստանած տեղահանվածների կյանքի մասին։ Հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո նա վերադարձավ բոլորովին այլ տեղ՝ կիսադատարկ ու ավերված: Ցուցահանդեսի խորհրդանիշը դարձած նուռը սաղավարտի մեջ բոլորին կպատմի, որ կյանքն Արցախում շարունակվում է ու արցախցին հանձնվել չգիտի: