ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիր քաղաքի բնակիչ, 1996 թ. ծնված երիտասարդի և նույն մարզի Նալբանդյան գյուղի 60-ամյա բնակչի միջև՝ երիտասարդի ընկերուհու պարտք-գումարի պատճառով, որը շարունակվել է Արմավիր քաղաքում գտնվող «Կապույտ կամուրջ» կոչվող վայրում, ուր ուղևորվել են գործով տուժողի ավտոմեքենայով: Ճանապարհին՝ ավտոմեքենայում, վիճաբանությունը կրկին վերսկսվել է, որի ընթացքում երիտասարդը դանակով դիտավորությամբ հարվածել է տղամարդու ականջի շրջանին և պարանոցին:
Հասնելով «Կապույտ կամուրջ»՝ դուրս են եկել ավտոմեքենայից, որից հետո երիտասարդը շարունակել է ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնել տղամարդու մարմնի տարբեր հատվածներին՝ նրան պատճառելով միջին ծանրության, առողջության տևական քայքայման հատկանիշով մարմնական վնասվածքներ, այնուհետև, առանց հափշտակելու նպատակի, ապօրինաբար տիրացել է վերջինիս պատկանող «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենային, հեռացել դեպքի վայրից, ճանապարհին ինքնավթարի ենթարկվել՝ վնասելով ավտոմեքենան և պատճառելով գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 1-ին մասով և 183-րդ հոդվածի (ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: