ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն այսօր հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանում ՆԱՏՕ-ի գծով գործընկեր Թուրքիայի հանդեպ՝ ռուսական արտադրության հակահրթիռային պաշտպանության համակարգ գնելու համար: Այս մասին գրում է ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» պարբերականը:
Պատժամիջոցները բխում են դեռևս 2017-ին ընդունված օրենքի պահանջներից: Ըստ այդմ՝ դրանք կիրառվում են այն երկրների նկատմամբ, որոնք Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության արտադրանքի «նշանակալից» գնումներ են կատարում:
Անցած շաբաթ ԱՄՆ Կոնգրեսը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել էր պաշտպանության ֆինանսավորմանը վերաբերող փաստաթուղթ, որը ներառում է 30 օրվա ընթացքում պատժամիջոցները կիրառելու մասին դրույթ:
Ինչպես նշում է «Վաշինգտոն Փոստը», այս պատժամիջոցներով, մասնավորապես, արգելվում է պաշտպանական ոլորտի բոլոր ամերիկյան արտահանման արտոնագրերի տրամադրումը, նաև կասեցվում է ոլորտի ձեռնարկություններում Թուրքիայի՝ նախագահելու հնարավորությունը:
Նախատեսվում է նաև սառեցնել թուրք չորս բարձրաստիճան պաշտոնյայի ակտիվներն ու սահմանափակել վերջիններիս՝ վիզա տրամադրելու հնարավորությունը: Ամերիկյան օրենսդիրները դեռևս 2019 թվականին էին քննադատել վարչակազմին՝ 2.5 միլիարդ դոլարով ռուսական համակարգ գնելու համար Թուրքիայի հանդեպ անմիջապես պատժամիջոցներ չկիրառելու մասով:
Շատերը վարչակազմի այդ անգործությունը բացատրում էին ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև սերտ հարաբերությունների առկայությամբ: