ԱԻ պետական ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր աշխատանքային շրջայց է կատարել պատերազմի ընթացքում թերևս ամենաշատ տուժած թաղամասերից մեկում՝ տեղեկացնում է ԱՀ ԱԻՊԾ-ն:
Բնակիչների մեծ մասը, որ ժամանակավորապես ապաստանել էին ՀՀ տարբեր բնակավայրերում, արդեն վերադարձել են: Ավերված բնակարանների մի մասում ապրում են, մյուսում շինարարություն է ընթանում:
Կարեն Սարգսյանը զրուցել է բնակիչների հետ, հետաքրքրվել նրանց խնդիրներով ու կարիքներով:
Այս թաղամասում բնակֆոնդի մեծ մասն ավերվել է պատերազմի հետևանքով: Հիմա շինարարական ակտիվ աշխատանք է ընթանում տանիքների վերափոխման, ներքին ու արտաքին հարդարման ուղղությամբ:
Ծառայության ղեկավարը բնակիչներին վստահեցրել է, որ պետությունը գործի է դրել բոլոր ջանքերը, որպեսզի օր առաջ քաղաքը և մյուս բնակավայրերը թոթափեն պատերազմի հետքերը:
Կարեն Սարգսյանը նաև աջակցություն է ցուցաբերել տեղահանված և վերադարձած ընտանիքներին՝ տրամադրելով առաջին անհրաժեշտության պարագաներ: