Հիմք ընդունելով ԱԱՏՄ ստուգայցերի արդյունքների ամփոփ պատկերը, ըստ որի՝ վերջին շրջանում տնտեսվարողների մոտ covid-անվտանգության կանոններից առավել հաճախ չի պահպանվում ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները սահմանված ձևաչափով վարելու պահանջը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝
ՀՀ առողջապահության նախարարի 2020 թ. օգոստոսի 4-ի 17-Ն հրամանով կորոնավիրուսի (covid-19) տարածման կանխարգելման նպատակով սահմանվել են սանիտարական կանոններ։
Սահմանված պահանջներից է, մասնավորապես, նաև այն, որ տարբեր ոլորտներում գործող տնտեսավարող սուբյեկտները պետք է վարեն ախտահանման և ջերմաչափման աշխատանքների գրանցամատյաններ՝ պարտադիր սահմանված ձևին համապատասխան։
Օրական 2 անգամ՝ աշխատանքային օրվա ընթացքում՝ ֆիքսված ժամի և ավարտին, իրականացվում են տարածքի ախտահանման և աշխատակիցների ջերմաչափման աշխատանքներ, ինչի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է լրացվի նախարարի հրամանով հաստատված ձևաչափի գրանցամատյաններում։
Պահանջը սահմանված է պետական կառավարման մարմինների, փակ արտադրական տարածքների, տնտեսական գործունեություն իրականացնող, hյուրանոցային տնտեսության օբյեկտների և այլ ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունների համար։
Սահմանված ձևաչափերով գրանցամատյանների թերի լրացումը կարող է վկայել նշված աշխատանքների թերի իրականացման մասին։