Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ժողովուրդ.
Վերջին օրերին մենք ռազմական իրադրության ամենալուրջ սրումն ենք ունեցել նոյեմբերի 9-ից ի վեր, և նախորդ շաբաթ օրը, օգտվելով այն փաստից, որ ռուս խաղաղապահները դեռևս չեն տեղակայվել տվյալ հատվածում՝ ադրբեջանական ուժերի հատուկ ջոկատայինները գրոհ են ձեռնարկել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր-Խծաբերդ գյուղերի ուղղությամբ և հսկողության տակ առել այդ բնակավայրերը:
Շտապեմ ասել, որ այդ հատվածում քաղաքացիական բնակչություն չի եղել: Գործողությունների հետևանքով Արցախի Պաշտպանության բանակի վեց զինծառայողներ վիրավորվել են: Տեղեկություններ կան այլ տուժածների մասին, որոնք ճշտվում են: Ինչո՞ւ են ճշտվում՝ որովհետև տեղանքը, որտեղ կարող են լինել տուժածներ, այս պահին անմատչելի է, և միջոցներ են ձեռնարկվում՝ այնտեղ հասանելիություն ապահովելու համար:
Երեկ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում արդեն ասացի, թե առանձին քննարկման առարկա է, թե ինչու խաղաղապահները մինչև շաբաթ օրը չէին տեղակայվել Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում, բայց փաստն այն է, որ շաբաթ և կիրակի օրերին խաղաղապահ ուժերը տեղակայվել են այնտեղ, ինչպես նաև հրապարակել են իրենց պատասխանատվության գոտու թարմացված քարտեզ, որտեղ ներառված է նաև Խծաբերդ-Թաղավարդ գյուղերի այդ շրջակա և հարող տարածքը: Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները պետք է ապահովեն այդ տարածքի կարգավիճակի համապատասխանությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին: Սա էլ իր հերթին նշանակում է, որ քանի որ ամսի 9-ի դրությամբ այդ տարածքը եղել է հայկական ուժերի վերահսկողության ներքո, պետք է շարունակի մնալ հայկական ուժերի վերահսկողության ներքո:
Իհարկե, Ադրբեջանի կողմից ձեռնարկված գործողություններն ունեն բացահայտ սադրիչ բնույթ, բայց այն ուղղված է նաև Արցախում ռուս խաղաղապահների ներկայության արժեզրկմանը: Նրանք ուզում են ցույց տալ, որ խաղաղապահները ի վիճակի չեն կանգնեցնել իրենց կողմից ձեռնարկվող սադրանքները, և Խծաբերդ-Հին Թաղեր հատվածի ճակատագիրը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության առաջին լրջագույն փորձությունն է: Մանավանդ որ՝ Արցախի պաշտպանության բանակը չի կարող գործել այն նույն տրամաբանությամբ, ինչ գործում են ադրբեջանցիները: Նկատի ունեմ՝ հայկական կողմը չպիտի անի գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի կարող են կասկածի տակ դնել խաղաղապահների գործունեության արդյունավետությունը:
Հաջորդ հարցը, որը հրատապ լուծում է պահանջում, Սյունիքի մարզի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային գծերի ճշգրտումն է: Այս թեմային անդրադարձել եմ Անվտանգության խորհրդի նիստում երեկ ունեցած ելույթում և ուզում եմ կրկին պարզաբանել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգելանի և Կուբաթլիի շրջանների մասին հիշատակում չի եղել, որովհետև հայտարարության ստորագրման պահին այդ տարածքների 90 և ավելի տոկոսը, ցավոք, եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, և բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այդ հատվածում պետք է տեղի ունենա սահմանային գծերի ճշգրտում, ինչը առաջիկա շաբաթվա ընթացքում պետք է իրականացվի: Այստեղ կան մեզ համար զգայուն հարցեր, և այդ հարցերի կառավարման շուրջ տեղի են ունենում ինտենսիվ բանակցություններ: Բայց կրկին ուզում եմ ընդգծել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման որևէ փուլում Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության սահմանների անխախտելիության սկզբունքը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել:
Բայց այս չլուծված հարցերը պետք է լուծել սառը, հանդարտ աշխատանքով: Այսօր տեղի ունեցող գործընթացները, որոնք երբեմն ցավոտ են, շատերը փորձում են օգտագործել նեղ քաղաքական նպատակներով: Ապատեղեկատվության հսկայական հոսքեր են դրվել շարժման մեջ, այդ հոսքերի բավական մեծ մասը կառավարվում է արտերկրից, ու չենք կարող բացառել դրանց առնչությունը օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ:
Մի օրինակ կարող եմ բերել միայն՝ առավոտյան լրահոսից կարող էր տպավորություն ստեղծվել, թե ողջ գիշեր Սյունիքի մարզում մարտական գործողություններ են տեղի ունեցել, մինչդեռ ճշմարտությունն այն է, որ գիշերը Սյունիքում, ինչպես նոյեմբերի 9-ից հետո ընդհանուր առմամբ բոլոր գիշերները, ռազմական առումով անցել է հանգիստ: Իհարկե, սիրելի հայրենակիցներ, Հայաստանի շուրջ, Արցախի շուրջ կա որոշակի լարվածություն, բայց այդ լարվածությունը պետք է, կրկնում եմ, կառավարել սառնասիրտ կերպով՝ մեր ռազմավարական գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, ինչը մենք անում ենք: Քարոզչության մասով՝ ուզում եմ կրկին ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ շատ հաճախ թշնամական և հայաստանյան որոշ ուժերի կողմից տարվող քարոզչության դրույթները նույնական են, և սա նկատելի է արդեն երկար ամիսներ:
Հաջորդ թեման, որին ուզում եմ անդրադառնալ, գերիների խնդիրն է: Կարող եմ ասել, որ մենք ընդհուպ մոտեցել ենք գերիների փոխանակման, մեր գերիների վերադարձի գործընթացի մեկնարկին: Շատ շուտով մենք սպասում ենք մեր գերիների՝ պաշտոնապես հաստատված խմբի վերադարձի մեկնարկին: Մեր մտածումը հետևյալն է. այս փուլում պիտի սկսենք վերադարձնել այն գերիներին, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից, որից հետո ավելի շատ կենտրոնանանք գտնվելու վայրը անհայտ մեր եղբայրների փնտրտուքի վրա, որոնց մի մասը, հնարավոր է, գերեվարված լինեն: Սա նույնպես շատ բարդ գործընթաց է, և այստեղ էլ ակնկալում եմ մեր քաղաքացիների, առավելևս՝ գտնվելու վայրը անհայտ մեր եղբայրների ընտանիքների անդամների ըմբռնումը:
Նոր թափով պիտի տեղի ունենա նաև զոհվածների մարմինների փնտրտուքը և չճանաչված մարմինների ճանաչման գործընթացը, և ամեն ինչ արվում է՝ այս գործընթացն օր առաջ ավարտելու համար, բայց, ցավոք, մինչև տարեվերջ չենք կարողանա այն լրիվ ավարտել: Եվ ուզում եմ ընդգծել նաև, որ գտնվելու վայրը անհայտ մեր եղբայրների որոնողական աշխատանքների համար ընդհանուր առմամբ շատ կարևոր է միջավայրի բարելավումը, որպեսզի ընդհանուր միջավայրի բարելավում տեղի ունենա, որովհետև, ինչպես հասկանում եք, այդ պրոցեսի արդյունավետությունը միայն մեզնից չէ կախված, և մենք քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի միջավայրը բարելավվի, և այս հարցերում լինենք, կարողանանք աշխատել ավելի արդյունավետ:
Սիրելի՛ հայրենակիցներ.
Դեկտեմբերի 19-ին լրանում է ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը, և այս կապակցությամբ դեկտեմբերի 19-ից Հայաստանի Հանրապետությունում եռօրյա սուգ կհայտարարվի: Նաև հիշատակի երթ կկազմակերպվի Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր և հիշատակի այլ միջոցառումներ: Այդ օրվա դրությամբ, հնարավոր է, հավանական է, մեր ոչ բոլոր նահատակների մարմինները հայտնաբերված կլինեն, կունենանք բազմաթիվ չճանաչված մարմիններ, բայց պետական այս կարգի որոշումը, կարծում եմ, այլևս չի կարելի հետաձգել: Ուզում եմ կրկին հավաստիացնել, որ մարմինների որոնման, ճանաչման, անհետ կորածների գտնվելու վայրի պարզաբանման աշխատանքներն ավելի ինտենսիվ կդառնան: Այս գործընթացը նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի կարևոր մասն է և ոչ մի րոպե չի կարող կանգ առնել:
Մենք իրագործում ենք նաև ճանապարհային քարտեզի մյուս դրույթները: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկարատև դադարից հետո այցելել են տարածաշրջան: Մինսկի խմբի ձևաչափում բանակցությունների վերականգնումը ճանապարհային քարտեզի առաջին կետն էր: Տասնյակ հազարավոր արցախցիներ արդեն իսկ վերադարձել են իրենց բնակավայրեր, իրականացվում են բազմաթիվ սոցիալական աջակցության ծրագրեր՝ նրանց օր առաջ բնականոն կյանքի վերադարձնելու համար: Կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանում և Արցախում վնասված տների սեփականատերերի աջակցություն ցուցաբերելու մասին, պատերազմին մասնակից ուսանողների և պատերազմին մասնակցած մեր եղբայրների ու քույրերի ընտանիքի անդամ ուսանողների ընթացիկ կիսամյակի ուսման վարձն ամբողջությամբ կփոխհատուցվի, կառավարությունը որոշում է կայացրել վերականգնողական բուժման կարիք ունեցող մեր զինվորների բուժման ծախսերը փոխհատուցելու նոր կարգի մասին, Արցախում և Հայաստանում հյուրընկալ ընտանիքներին վճարումներ իրականացնելու մասին որոշումն էական նշանակություն կունենա առանց բնակարանի մնացած անձանց կացության հարցերը լուծելու համար: Ճանապարհային քարտեզի իրագործման ուղղությամբ մեր աշխատանքներն ամբողջ թափով շարունակվելու են:
Սիրելի ժողովուրդ.
Այս օրերին, բացի սահմանային անվտանգությունից, մենք առերեսվում ենք տեղեկատվական անվտանգության խնդիրների հետ: Հայտնի շրջանակները տեղեկատվական ահաբեկչության մի իսկական գործընթաց են սկսել Հայաստանի և Հայաստանի ժողովրդի դեմ: Տարածվում է ամենատարբեր սուտ և կիսասուտ տեղեկություն, և սրա նպատակը մեր ժողովրդի շրջանում տագնապի զգացումը խորացնելն է, խուճապ ստեղծելը: Պարզ է, որ դրությունը, որում գտնվում ենք, բավական բարդ է: Բայց նաև այս գիտակցությամբ եմ ասում, որ մեր առաջնային խնդիրը Հայաստանում, Արցախում, Հայաստանի և Արցախի շուրջ կայունության և անվտանգության հաստատումն է, և մենք ամեն օր աշխատում ենք այս ուղղությամբ:
Ես խնդիր եմ առաջադրել, որ պաշտոնական տեղեկատվությունը ավելի ինտենսիվ և ամբողջական արձագանքի հանրության շրջանում առկա մտահոգություններին ու ավելի արագ լուսաբանի տեղի ունեցող գործընթացները: Եվ այս առումով ուզում եմ պարզապես ասել, որ կան իրավիճակներ, որոնք դեռ զարգացող են, և նրանց վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը երբեմն հապաղում է մեկ պարզ պատճառով. իրադարձությունները զարգանում են, և քանի դեռ չկա իրադարձությունների արձանագրման որևէ իրավիճակ, պաշտոնապես հաղորդված տեղեկությունները կարող են նեգատիվ ազդեցություն ունենալ իրավիճակի վրա, և այս առումով շատ կարևոր է, որ հանրությունը ինքը նույնպես կարողանա տարբերակել ճիշտ տեղեկությունը սուտ տեղեկությունից: Սա ընդհանրապես ոչ միայն այսօրվա խնդիր է, այլև 21-րդ դարի ամենակարևոր խնդիրներից է:
Բայց, օրինակ, այս համատեքստում պետք է արձանագրել, որ կան տեղեկություններ, որոնց ստահոդ լինելը պիտի ակնհայտ լինի ի սկզբանե: Օրինակ, բանը հասել է այնտեղ, որ առանց ավելորդ բարդությունների լուրեր են դրվում շրջանառության մեջ, թե, ասենք, կառավարությունը Սևանը, կամ Ջերմուկը, կամ Սյունիքը զիջել է Ադրբեջանին: Սա իսկապես տեղեկատվական պատերազմ է, և այստեղ մենք հակազդեցության հստակ միջոցներ ենք ձեռնարկելու: Բայց, էլի եմ ասում, որևէ մեկը չպետք է կասկած ունենա, որ Հայաստանի սահմանների անխախտելիության սկզբունքը պաշտպանված է հուսալիորեն:
Այս համատեքստում պետք է ընդգծեմ, որ արդեն մեկ ամիս կամ գուցե ավելի շատ, ստահոդ տեղեկությունների շրջանակում, պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում իմ ընտանիքի անդամների մասին, երեխաներիս մասին՝ իբր երեխաներս կամ ընտանիքիս անդամները Հայաստանը լքել են: Վերջին ամիսներին, առավելևս պատերազմի մեկնարկից մինչև օրս իմ ընտանիքի որևէ անդամ Հայաստանից դուրս չի եկել և չի պատրաստվում դուրս գալ: Արդեն ամենօրյա լրահոսի մաս է դարձել արտերկրում մեր ընտանիքի ունեցած առանձնատների մասին խոսակցությունը, և սա ոմանք դարձրել են իրենց պայքարի հիմնական գործիք: Մինչդեռ պիտի իմանաք, որ միակ անշարժ գույքը, որին երկիր մոլորակի վրա տիրապետում է իմ ընտանիքը, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող բոլորիդ հայտնի բնակարանն է: Լուրեր են դրվում շրջանառության մեջ մեր ընտանիքի իբր հարստությունների մասին, մինչդեռ բոլորդ պիտի իմանաք, որ բացի հրապարակված միջոցներից, մենք այլ միջոցների չենք տիրապետում:
Անընդհատ լուրեր են շրջանառում իմ հրաժարականի մասին, մինչդեռ հստակ ասել եմ, որ ժողովրդի կողմից ինձ տրված կարգավիճակից կարող եմ հրաժարվել միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա: Քանի դեռ նման կամարտահայտություն տեղի չի ունեցել՝ շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները և պարտավորվել եմ դա անել շիտակ ու ազնիվ: Ուզում եմ կրկին ընդգծել, որ այսօրվա թիվ 1 խնդիրը Հայաստանի շուրջ անվտանգության միջավայրի կայունացումն է, և մենք հետևողականորեն գնալու ենք այս ճանապարհով:
Եվ վերադառնալով ներքին իրադրությանը՝ կրկին ուզում եմ ընդգծել, որ կան որոշ պրոցեսներ և գործընթացներ, որոնց նպատակն ակնհայտորեն ժողովրդին, մարդկանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ընդհանուր առմամբ պրոցեսներից դուրս թողնելն է և փակ սենյակներում, բարձրաշխարհիկ միջավայրերում խնդիրներ լուծելը: Իհարկե, սա անընդունելի է, և Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ինչպես եղել, այնպես էլ շարունակելու է մնալ իշխանության և իրադրության տերը Հայաստանի Հանրապետությունում: Եվ ես ուզում եմ ասել, որ ինձ համարում եմ նաև այդ իրողության երաշխավորը, և ժողովուրդը պետք է վստահ լինի, որ իր կամքը Հայաստանի Հանրապետությունում ունի վճռական և անշրջելի նշանակություն: Եվ ժողովրդի կամքը արտահայտվելու հնարավորություն պետք է ստեղծվի, և ժողովրդի կամքը շրջանցելու բոլոր փորձերը, իհարկե, չեն կարող ունենալ որևէ հաջողություն:
Սիրում եմ բոլորիդ:
Շնորհակալ եմ: