ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր հրաժարականի մասին լուրերին:
«Հստակ ասել եմ, որ ժողովրդի կողմից ինձ տրված կարգավիճակից կարող եմ հրաժարվել միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա: Քանի դեռ նման կամարտահայտություն տեղի չի ունեցել, շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները և պարտավորվել եմ դա անել շիտակ ու ազնիվ: Ուզում եմ կրկին ընդգծել, որ այսօրվա թիվ 1 խնդիրը Հայաստանի շուրջ անվտանգության միջավայրի կայունացումն է, և մենք հետևողականորեն գնալու ենք այս ճանապարհով»,- շեշտեց վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ կան որոշ պրոցեսներ և գործընթացներ, որոնց նպատակն է ժողովրդին, մարդկանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ընդհանուր առմամբ պրոցեսներից դուրս թողնելը և փակ սենյակներում, բարձրաշխարհիկ միջավայրերում խնդիրներ լուծելը: «Իհարկե, սա անընդունելի է, և Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ինչպես եղել, այնպես էլ շարունակելու է մնալ իշխանության և իրադրության տերը Հայաստանի Հանրապետությունում: Եվ ես ուզում եմ ասել, որ ինձ համարում եմ նաև այդ իրողության երաշխավորը, և ժողովուրդը պետք է վստահ լինի, որ իր կամքը Հայաստանի Հանրապետությունում ունի վճռական և անշրջելի նշանակություն: Եվ ժողովրդի կամքը արտահայտվելու հնարավորություն պետք է ստեղծվի, և ժողովրդի կամքը շրջանցելու բոլոր փորձերը, իհարկե, չեն կարող ունենալ որևէ հաջողություն»,- ասաց նա: