ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մանրամասներ է ներկայացրել ընդդիմադիր ուժերի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ հանդիպումից:
«Քննարկել ենք երկրում այս իրավիճակից ելքերը: Ես իմ տեսլականն եմ ներկայացրել, ինքը՝ իր: Զրուցել ենք, պայմանավորվել ենք շարունակել հանդիպումները»,- ասել է Մարուքյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում:
ԼՀԿ ղեկավարը միաժամանակ հիշեցրել է, որ վարչապետը հրաժարական չի տվել, ու կառավարության ղեկավարի պաշտոնը թափուր չէ:
«Ժողովրդի լեզվով ասած՝ ձուկը ջրում խոսակցություններ պետք չի վարել: Վարչապետի պաշտոնը երբ թափուր լինի, այդ ժամանակ արդեն կլինեն առաջադրումներ»,- ասաց Մարուքյանը:
Իսկ թե ինչու էր ԼՀԿ-ն ավելի վաղ հայտարարել, որ Մարուքյանն է իրենց վարչապետի թեկնածուն, նա մեկնաբանեց. «Մեզ իրազեկել են, ասել են՝ մեր թեկնածուն այսինչ մարդն է: Մենք էլ իրազեկել ենք, ասել ենք, որ 2018 թ. դեկտեմբերի ընտրություններին մասնակցել ենք մեր թեկնածուով»: