Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր շնորհակալագրեր է հանձնել նոյեմբերի 22-29-ը մի շարք առարկաներից (հայ գրականություն, հայոց լեզու և գերմաներեն, ֆրանսերեն և անգլերեն, ռուսաց լեզու, հայոց եկեղեցու պատմություն և քիմիա) անցկացված 2019-2020 ուսումնական տարվա դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի 6 մրցանակակիրներին՝ Հովհաննես Իգիթխանյանին (Շիրակամուտի թիվ 1 հիմն. դպրոց, առաջին կարգի դիպլոմ, հայոց եկեղեցու պատմություն), Միլենա Կիրակոսյանին (Վանաձորի մաթ. և բնագ. առ, հտ/դ, երկրորդ կարգի դիպլոմ, հայոց լեզու), Անահիտ Ասլանյանին (Վանաձորի թիվ 11 ավագ դպրոց, երկրորդ կարգի դիպլոմ, հայ գրականություն), Սոնա Եղշատյանին (ՎՊՀ հենակետային վարժարան, երկրորդ կարգի դիպլոմ, ռուսաց լեզու), Նարե Աքուլյանին (Վանաձորի թիվ 5 հիմն. դպրոց, երրորդ կարգի դիպլոմ, անգլերեն), Անահիտ Ներսիսյանին (Վանաձորի թիվ 24 միջն. դպրոց, երրորդ կարգի դիպլոմ, անգլերեն):
Անդրեյ Ղուկասյանը շնորհավորել է դպրոցականներին և շնորհակալություն հայտնել մարզը լավագույնս ներկայացնելու համար:
«Մեր երկրի ապագան ձեր ձեռքերում է: Ես ուրախ եմ և հպարտ, որ այսօրվա սերունդը, ի դեմս ձեզ, գիտակցում է կրթության և գիտելիքի դերը: Լավ մասնագետ և երկրի լիարժեք քաղաքացի լինելու լավագույն պայմանը կրթությանը շատ ժամանակ հատկացնելն է»,- նշել է մարզի ղեկավարը:
Ուսուցիչները ևս արժանացել են գնահատանքի՝ բարդ ու պատասխանատու աշխատանքը պատվով կատարելու, կրթության և դաստիարակության գործում ունեցած ավանդի համար: Մարզի ղեկավարն, ի նշան երախտագիտության, ծաղիկներ է նվիրել և շնորհակալագրեր հանձնել նաև նրանց:
Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռ. Հարությունյանն, իր հերթին, շնորհավորելով աշակերտներին, հորդորել է շարունակել նույն եռանդով, եղած գիտելիքների պաշարը տարեցտարի բազմապատկել ու օրինակ ծառայել մյուսների համար:
Ուսուցիչները և դպրոցականները նույնպես շեշտել են՝ յուրաքանչյուր ձեռքբերում է՛լ ավելի պարտավորեցնող և ոգևորող է, ասում են՝ գնահատանքի արժանանանալն ստիպում է ավելի շատ աշխատել ու լավ սովորել:
Հիշեցնենք, որ 12-րդ դասարանների աշակերտների համար այս առարկաների օլիմպիադայի հանրապետական փուլն անց էր կացվել մայիս ամսին:
Հարկ է նշել նաև, որ փետրվարի 24-ից մարտի 11-ը կազմակերպվել էր օլիմպիադաների հանրապետական փուլը՝ մաթեմատիկա, ֆիզիկա, աստղագիտություն, կենսաբանություն, աշխարհագրություն, պատմություն և ինֆորմատիկա առարկաներից։ Մյուս առարկաների համար օլիմպիադաների հանրապետական փուլի հետաձգումը պայմանավորված էր կորոնավիրուսի տարածմամբ, պատերազմով և ռազմական դրության հայտարարմամբ։