«Հայտնի շրջանակները տեղեկատվական ահաբեկչության մի իսկական գործընթաց են սկսել Հայաստանի և Հայաստանի ժողովրդի դեմ»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա ուղերձում:
Նրա խոսքով՝ տարածվում է ամենատարբեր սուտ և կիսասուտ տեղեկություն: «Նպատակը մեր ժողովրդի շրջանում տագնապի զգացումը խորացնելն է, խուճապ ստեղծելը»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը մանրամասնեց՝ խնդիր է դրված, որ պաշտոնական տեղեկատվությունը ավելի ինտենսիվ և ամբողջական արձագանքի հանրության շրջանում առկա մտահոգություններին ու ավելի արագ լուսաբանի տեղի ունեցող գործընթացները:
«Կան իրավիճակներ, որոնք դեռ զարգացող են, և նրանց վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը երբեմն հապաղում է մեկ պարզ պատճառով. իրադարձությունները զարգանում են, և քանի դեռ չկա իրադարձությունների արձանագրման որևէ իրավիճակ, պաշտոնապես հաղորդված տեղեկությունները կարող են նեգատիվ ազդեցություն ունենալ իրավիճակի վրա, և այս առումով շատ կարևոր է, որ հանրությունը ինքը նույնպես կարողանա տարբերակել ճիշտ տեղեկությունը սուտ տեղեկությունից»,- ասաց Փաշինյանը:
Նա անդրադարձավ ի սկզբանե ակնհայտ ստահոդ տեղեկություններին: «Բանը հասել է այնտեղ, որ առանց ավելորդ բարդությունների լուրեր են դրվում շրջանառության մեջ, թե, ասենք, կառավարությունը Սևանը կամ Ջերմուկը, կամ Սյունիքը զիջել է Ադրբեջանին: Սա իսկապես տեղեկատվական պատերազմ է, և այստեղ մենք հակազդեցության հստակ միջոցներ ենք ձեռնարկելու: Բայց, էլի եմ ասում, որևէ մեկը չպետք է կասկած ունենա, որ Հայաստանի սահմանների անխախտելիության սկզբունքը պաշտպանված է հուսալիորեն»,- նշեց նա:
Վարչապետն անդրադարձավ նաև իր ընտանիքի անդամների մասին տարածվող սուտ լուրերին: «Պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում իմ ընտանիքի անդամների մասին, երեխաներիս մասին՝ իբր երեխաներս կամ ընտանիքիս անդամները Հայաստանը լքել են: Վերջին ամիսներին, առավելևս պատերազմի մեկնարկից մինչև օրս իմ ընտանիքի որևէ անդամ Հայաստանից դուրս չի եկել և չի պատրաստվում դուրս գալ: Արդեն ամենօրյա լրահոսի մաս է դարձել արտերկրում մեր ընտանիքի ունեցած առանձնատների մասին խոսակցությունը, և սա ոմանք դարձրել են իրենց պայքարի հիմնական գործիք: Մինչդեռ պիտի իմանաք, որ միակ անշարժ գույքը, որին Երկիր մոլորակի վրա տիրապետում է իմ ընտանիքը, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող բոլորիդ հայտնի բնակարանն է: Լուրեր են դրվում շրջանառության մեջ մեր ընտանիքի իբր հարստությունների մասին, մինչդեռ բոլորդ պիտի իմանաք, որ բացի հրապարակված միջոցներից, մենք այլ միջոցների չենք տիրապետում»,- նշեց նա: