Կառավարության հերթական աջակցությունը մարտական գործողությունների մասնակիցներին: Գործադիրը պատրաստ է մասնակի կամ ամբողջական փոխհատուցել մարտական գործողություններին մասնակցած, հերթապահություն իրականացրած, առաջին, երկրորդ և երրորդ խմբերի հաշմանդամություն ստացած զինծառայողների, ինչպես նաև զոհված զինծառայողների երեխաների ուսման վարձերը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն արդեն տեղեկացրել է բուհերին ու միջին մասնագիտական հաստատություններին՝ սկսել դիմումների ընդունումը:
Լուսինե Գրիգորյան (ՀՀ ԿԳՄՍ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ) - Այս միջոցառումից օգտվելու համար շահառուները պետք է մարտական գործողությունների հանգամանքը հավաստող համապատասխան տեղեկանք ներկայացնեն ուսումնական հաստատությանը:
Եթե շահառուն մարտական գործողությունների մասնակցի երեխան կամ ամուսինն է, անհրաժեշտ է նաև ներկայացնել ծննդյան կամ ամուսնության վկայականը: Գործընթացը բարդ չէ՝ ասում է ոլորտի պատասխանատուն:
Լուսինե Գրիգորյան - Նախատեսվում է ցպահանջ, այսինքն՝ ինչքան հայտ կձևավորվի, որոշակի պարբերականությամբ կլինի մեկշաբաթյա կամ տասնօրյա, ուսումնական հաստատությունները անվանացանկերը կտրամադրեն նախարարությանը, և արդեն պայմանագրերի միջոցով ֆինանսական միջոցները կփոխանցվեն բուհերին:
Բուհը մասնավոր է թե պետական, ուսման ձևը՝ առկա թե հեռակա՝ աջակցությունից կարող են օգտվել ծրագրի շահառու համարվող Հայաստանում գործող բոլոր ուսումնական հաստատությոունների ուսանողները: