Այս օրերին, բացի սահմանային անվտանգությունից, առերեսվում ենք նաև տեղեկատվական անվտանգության հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանց անուններ նշելու պնդում է՝ հայտնի շրջանակները տեղեկատվական ահաբեկչություն են սկսել հայ ժողովրդի դեմ: Ըստ Փաշինյանի՝ նպատակը մեկն է ՝ հանրության շրջանում տագնապի զգացումը խորացնելը, խուճապ ստեղծելը:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Օրինակ, բանը հասել է այնտեղ, որ առանց ավելորդ բարդությունների լուրեր են դրվում շրջանառության մեջ, թե, ասենք, կառավարությունը Սևանը, կամ Ջերմուկը, կամ Սյունիքը զիջել է Ադրբեջանին: Սա իսկապես տեղեկատվական պատերազմ է, և այստեղ մենք հակազդեցության հստակ միջոցներ ենք ձեռնարկելու: Բայց, էլի եմ ասում, որևէ մեկը չպետք է կասկած ունենա, որ Հայաստանի սահմանների անխախտելիության սկզբունքը պաշտպանված է հուսալիորեն:
Կառավարության ղեկավարի հանձնարարությամբ՝ պաշտոնական տեղեկատվությունն ավելի ինտենսիվ և ամբողջական կարձագանքի առկա մտահոգություններին ու ավելի արագ կլուսաբանի տեղի ունեցող գործընթացները:
Ավելի քանի մեկ ամիս է՝ կեղծ լուրեր են տարածվում, թե վարչապետի ընտանիքի անդամները լքել են երկիրը: Փաշինյանը շեշտում է՝ նրանք չեն լքել և չեն պատրաստվում լքել Հայաստանը: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո համացանցում տարբեր օգտատերերի և կայքերի կողմից հաճախ տարածվող լուրերը, որոնք իշխանության գնահատմամբ ապատեղեկատվություն են, հիմնականում վերաբերում են սահմանների գծմանը, սահմանամերձ համայնքներում լարվածությանը, ռազմագերիներին: Այն, որ տեղեկատվական դաշտում իրավիճակը մտահոգիչ է, ընդունում է նաև ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը»:
Մարուքյանի գնահատմամբ՝ պաշտոնական տեղեկատվություն փոխանցելու իշխանության խողովակներն այլևս լեգիտիմ չեն: 44 օր անընդմեջ մարդկանց ճշմարտությունը չի ասվել: Պատգամավորն, այդուհանդերձ, հորդորում է զերծ մնալ ակնհայտ կեղծ լուրեր տարածելուց:
Խորհրդարանական մեծամասնության ղեկավարը, մինչդեռ, համաձայն չէ, որ պատերազմի օրերին մարդկանց ճշմարտությունը չի ասվել, ընդգծում է ՝ տեղեկատվությունը տրամադրվել է պատերազմի կանոնների համաձայն: Ստեղծված իրավիճակից էլ դուրս գալու առաջարկ ունի:
Լիլիթ Մակունց, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - Ես առաջարկել եմ, որպեսզի մեդիահոսքերի միակենտրոն կառավարում լինի:
Ինչ քայլեր էլ իրականացվեն, մինևնույն է, մարդիկ չեն հավատալու գործող իշխանությանը, «Բարգավաճ Հայաստանից» Արման Աբովյանի համոզմունքն է:
Նիկոլ Փաշինյանը թեմային անդրադարձել էր նաև երեկ Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում: Շեշտել էր, որ ինֆորմացիոն ահաբեկչությունն անհանգստացրել է նաև ընդդիմադիր գործընկերներին, որոնցից ահազանգեր է ստացել: Վարչապետը նշել էր՝ այս կապակցությամբ պետք է շատ կոնկրետ քայլեր ձեռնարկվեն, ինչը նշանակում է, որ հարցը կարելի է ձևակերպել առնվազն որպես ընդհանուր օրակարգ և անելիք: