Արցախյան պատերազմի ավարտից մեկ ամիս հետո, առաջին անգամ, ԵԱՀԿ միսնկի խմբի համանախագահները ժամանել են տարածաշրջան։ Կազմը, սակայն, ամողջական չէ. միջազգային միջնորդներից Ռուսաստանը ներկայացնող Իգոր Պոպովը չի ուղեկցում իր մյուս երկու՝ ամերիկացի ու ֆրանսիացի գործընկերներին։ Մինչև Երևան գալը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը Բաքվում էին։ Շաբաթ նրանց ընդունել էր Ադրբեջանի նախագահն ու արժանացրել ոչ այնքան ջերմ ընդունելության։
Երևանում միջազգային միջնորդները բարձրացան վերև, փակ դռների հետևում հանդիպումը տևեց երկուսուկես ժամ։ Ավելի ուշ, արդեն պաշտոնական հաղորդագրությամբ, արտգործնախարարությունից հայտնեցին՝ քննարկման առանցքում հրադադարին հաջորդած զարգացումներն են եղել։ Արա Այվազյանը վերահաստատել է հայկական կողմերի սկզբունքային դիրքորոշումը, որ արցախահայության իրավունքների ու շահերի հասցեագրումը պետք է տեղի ունենա, նախևառաջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո՝ խաղաղ գործընթացի շրջանակում։
Արա Այվազյանը համանախագահների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել է Ադրբեջանի կողմից՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները խախտելու վարքագծի վրա՝ մատնանշելով նախօրեին արցախա-ադրբեջանական շփման գծում սադրիչ գործողությունները, որոնք իրականացվել են համանախագահների` տարածաշրջան այցելելու օրերին:
Դեկտեմբերի 11-ին և 12-ին Ադրբեջանի սադրիչ գործողությունները դատապարտել է նաև վարչապետ Փաշինյանն ու համանախագահների հետ հանդիպմանն ընգծել Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտումը։ Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն ու նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կառավարության ղեկավարի հետ քննարկել են պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։ Հայաստանի ղեկավարն անհրաժեշտ է համարել ՄԽ համանախագահության ձևաչափում բանակցությունների վերականգնումը՝ ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման նպատակով:
Վարչապետը, որպես առաջնահերթություն, ընդգծել է Արցախի կարգավիճակի հստակեցումը՝ հաշվի առնելով արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի կարևորությունը, Ադրբեջանի կողմից Արցախի գրավված տարածքների դեօկուպցիան, արցախահայության՝ սեփական բնակավայրեր անվտանգ վերադարձի համար պայմանների ապահովումը, կրոնական ու մշակութային ժառանգության պահպանումը:
Այսօր Երևանում էր նաև Արցախի նախագահը, սակայն Հարությունյանի և Մինսկի խմբի ծրագրված հանդիպումը չի կայացել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը «Արմենպրեսին» հայտնել է, որ պատճառը ոչ լիարժեք ձևաչափն է՝ այն հանգամանքը, որ ռուսաստանցի համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում։