Դիզափայտի նկատմամբ ադրբեջանական նկրտումները ակնառու էին դեռևս սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի սկզբում, երբ թշնամին փորձում էր գրավել Հադրութը և Ջրականը: Դրանց վրա հսկողություն ունենալու համար Դիզափայտը ամենահարմար ուղիներից մեկն էր: Հայ զինվորների համառ պայքարի շնորհիվ պատերազմի ժամանակ այս բարձունքը մնաց Արցախի հսկողության տակ: Դիզափայտի պաշտպանությանը մասնակցում էր նաև Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը:
Մոտ 2500 մետր բարձրություն ունեցող Դիզափայտի ռազմավարական նշանակության մասին խոսում են ոչ միայն հայ, այլև ադրբեջանցի փորձագետները: Թշնամին չի թաքցնում՝ բարձունքը իրեն պետք է դեպի Իրան տանող ուղղությունները դիտարկելու համար:
Դիզափայտի գագաթին է 4-5-րդ դարերում կառուցված Կատարո վանքը, որը դեռևս միջնադարից ուխտագնացության յուրատեսակ վայր է: Դիզափայտին տրված մահմեդական Զիարաթ անվանումը ևս թարգմանաբար նշանակում է սրբավայր: Պատերազմի ժամանակ թշնամին փորձեց այս հատվածը շրջափակել, ինչի հետևանքով Դիզափայտը, Մեծ Թաղերը, Խծաբերդը հայտնվեցին թերակղզու կարգավիճակում:
Հայկ Խանումյանն ասում է՝ թշնամին փորձում է տիրանալ նաև այս հատվածին՝ այդկերպ ոչ միայն գրավելով ռազմավարական ամենակարևոր բարձունքներից մեկը, այլև վնասելով ռուսական գործոնին:
Արցախի պաշտպանության բանակի ղեկավարները ռուս խաղաղապահների միջնորդությամբ քննարկում են թշնամու ագրեսիան դեռևս առանց մարտական գործողությունների զսպելու հարցերը:
Նաիրի Հոխիկյան, Լուրեր