Քարվաճառի անկումից հետո Դադիվանքի վանական համալիրը երկրորդ անգամ ընդունեց ուխտավորների։ Ուխտագնացության մասին Արցախի թեմը նախապես հայտարարել էր։ Ստեփանակերտի և հարակից գյուղերի բնակիչները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հասել էին Դադիվանք։
Վարդան Հարությունան (ուխտավոր) - Եկա, աղոթեմ, որ մեր նահատակների հոգիները լուսավորվեն, և ուզեցի, որ դա հենց Դադիվանքում անեի:
Հայկական միջնադարյան վանքում Սուրբ Պատարագ մատուցվեց։ Ուխտավորներն ու միաբանները աղոթք բարձրացրին Հայաստանի և Արցախի խաղաղության, նահատակված հայորդիների հոգու հանգստության համար։ Խորհուրդ տվեցին չհուսահատվել, մնալ անկոտրում և անսասան պահել իրենց հավատքը։
Պատարագի մեղեդիները վանքի պատերից ներս էր հրավիրել նաև ռուս խաղաղապահներին։ Մի մասն աղոթում էր՝ հայ ուխտավորների կողքին, մյուսները՝ դրսից հսկում էին, որ հոգևոր արարողությունն առանց միջադեպերի ընթանա։
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան (Արցախի թեմի առաջնորդի պաշտոնակատար, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ) - Եկեղեցականների պատարագն ու աղոթքը հույս է ներշնչում, որ ժողովուրդը վերադառնա տուն, Աստված օրհնի մեր երկիրը։
Երանի նրանց, որ իրենց մեջ ուժ կգտնեն անցնելու նեղ ճանապարհով՝ Սբ․ Գիրքը վկայակոչելով և Աշոտ Երկաթի խաչը բարձրացնելով քարոզեց հոգևորականը։ Նեղ ճանապարհին հաճախ հուսալքվում ենք՝ կարծելով, թե Աստված թողել է մեզ՝ ասաց հոգևոր հովիվը՝ խորհուրդ տալով բարձրանալ ընկած տեղից ու քայլել առաջ։
Ադրբեջանցիների հեռահար հսկողության տակ հայ հոգևորականներն ու ռուս խաղաղապահները անխռով բարեկամություն են ստեղծել։ Հոգևորականներն իրենց ծառայությունն են մատուցում, իսկ ռուս զինվորները կատարում իրենց խաղաղարար առաքելությունը՝ հեռու պահելով վանական համալիրը բարբարոսի հարձակումից։
Սևակ սարկավագ (Մայր Աթոռի միաբան) - Ադրբեջանցի զինվորները փորձում են հոգեբանական ճնշումներ գործադրել, չի ստացվում, մենք կանգնած ենք, օգնում են նաև խաղաղապահները, շնորհակալություն ռուսներին, որ օգնեցին՝ այս վանքը մեզ մնա։
Վանականները փորձում են փրկել նաև Շուշիի Սբ․Ղազանչեցոց եկեղեցու հոգևոր արժեքները, եթե դեռևս պահպանվել են։ Բանակցություններ են սկսել խաղաղապահների հետ՝ հոգևոր ժառանգության գոնե փրկված մասը եկեղեցուց դուրս հանելու համար։
Անդրեաս քահանա Թավադյան (Շուշիի Սբ․Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ) - Ամեն օր խնդրում եք իրենց, բացատրել՝ ինչպես գնան առաջնորդարան, ինչպես հանեն մեր սրբությունները, բայց երկու շաբաթ է՝ մեր փորձերը ձախողվում են, որովհետև ազերիները չեն թողնում, որ խաղաղապահները մտնեն, հանեն մեր սրբությունները։
Իսկ Դադիվանքում մոմերը գրեթե չեն մարում։ Երբ ուխտավորներ չկան, վանքի լռությունը խախտում են ռուս զինվորները․ մոմ են վառում, աղոթում, երբեմն էլ՝ հայ հոգևորականների օրհնությունը հայցում։