Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի ռազմատեխնիկական գործակցության գծով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցության հնարավորություններն ու առաջարկները մի շարք կարևոր ուղղություններով՝ ռազմարդյունաբերության զարգացման, գործարանների վերազինման ծրագրերի իրականացման և ՀՀ ԲՏԱ նախարարության հետ համագործակցությունը նոր հարթություն տեղափոխելու շուրջ:
Նախարարը շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական պատերազմի ողջ ընթացքում ՌԴ-ի կողմից ցուցաբերված աջակցության համար, մատնանշել՝ ՌԴ-ի հետ պատմականորեն ձևավորված և ամրապնդված ռազմավարական դաշնակցային հարաբերությունները ու սերտ համագործակցության արդյունքում ստեղծված հնարավորությունները ռազմարդյունաբերության ոլորտում համատեղ զարգացման ծրագրերի իրականացման hամար:
Ռուսաստանի ռազմատեխնիկական գործակցության գծով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը շնորհակալություն է հայտնել համագործակցության առաջարկների համար, տեղեկացրել, որ դաշնային ծառայությունը ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանում կազմակերպվող «ԱրմՀայԹեք» սպառազինության և պաշտպանական միջոցների միջազգային ցուցահանդեսին, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել հաջորդ տարի ևս ակտիվ մասնակցություն ունենալու միջոցառմանը: