ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ գերիների փոխանակման ու վերադարձի գործընթացին:
«Շատ շուտով մենք սպասում ենք մեր գերիների պաշտոնապես հաստատված խմբի վերադարձի մեկնարկին: Մեր մտածումը հետևյալն է՝ այս փուլում պետք է սկսենք վերադարձնել այն գերիներին, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես՝ Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից, որից հետո ավելի շատ կենտրոնանանք գտնվելու վայրն անհայտ մեր եղբայրների փնտրտուքի վրա, որոնց մի մասը հնարավոր է գերեվարված լինեն: Սա նույնպես շատ բարդ գործընթաց է, և այստեղ էլ ակնկալում եմ մեր քաղաքացիների, առավել ևս` գտնվելու վայրը անհայտ մեր եղբայրների ընտանիքի անդամների ըմբռնումը»,- ասաց վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ նոր թափով պետք է տեղի ունենան նաև զոհվածների մարմինների փնտրտուքը և չճանաչված մարմինների ճանաչման գործընթացը: Վարչապետը շեշտեց, որ ամեն ինչ արվում է այս գործընթացն օր առաջ ավարտելու համար, բայց, ցավոք, մինչև տարեվերջ չեն կարողանա այն լրիվ ավարտել:
«Ուզում եմ ընդգծել նաև, որ գտնվելու վայրն անհայտ մեր եղբայրների որոնողական աշխատանքների համար, ընդհանուր առմամբ, շատ կարևոր է միջավայրի բարելավումը, որպեսզի ընդհանուր միջավայրի բարելավում տեղի ունենա, որովհետև, ինչպես հասկանում եք, այդ պրոցեսի արդյունավետությունը միայն մեզնից չի կախված, և մենք քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի միջավայրը բարելավվի, և այս հարցում կարողանանք աշխատել ավելի արդյունավետ»,- ասաց վարչապետը: