Եթե Ռուսաստանի ներկայությունը չլիներ, կլիներ կատաստրոֆիկ վիճակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
«Ադրբեջանը չի ներկայացնում իրենից քաղաքական միավոր, դադարել է լինել թերևս 2012 թվականից, երբ Ալիևը ասաց՝ ամենը ձեզ, եկեք կամաց-կամաց գնանք դեպի վերամիավորում, ինչը հաստատեց Էրդողանը 2014-ին, 2015-ին, 2016-ին՝ երկու անգամ, 2017-ին՝ մեկ ազգ, երկու պետություն թեզով և, ի վերջո, պանթուրանական մեծ գոտու ձևավորման գաղափարով, որում մենք տեղ չունենք և, ըստ իրենց տեսլականի, պետք է վերանանք»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ գլոբալ խաղ է, որտեղ Թուրքիան սադրելու է ռուսական կողմին:
Աբովյանն ընդգծեց, որ այն, ինչ կատարվում է Արցախում, ակնհայտ պանթուրանական պրոյեկտի իրագործման փուլերից մեկն է, ինչը Թուրքիան ցույց է տալիս ադրբեջանցիների ձեռքերով: Ասաց, որ փորձում են հանրության մեջ առաջին հերթին խրախուսել հակառուսական տրամադրություններ, ինչը, ըստ պատգամավորի, չի հաջողվի: Երկրորդ քայլը, նրա խոսքով, այն է, որ Թուրքիան փորձում է խաղաղապահների անվան տակ լեգիտիմացնել իր զորքի տեղակայումն Արցախի սահմանների երկայնքով:
Աբովյանը կարծում է, որ այս ամենը վերլուծելուց հետո միայն պետք է խոսել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու մասին: