Այսօր գերմանական «Ֆրեդերիխ էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նաիրա Գևորգյանի հետ հեռավար ստորագրեցինք փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Հուշագրի հիման վրա հաջորդ ուսումնական տարում հիմնադրամի ֆինանսավորմամբ կգործարկվի Գեղարքունիքի մարզի «Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և զբոսաշրջության» առցանց հարթակ:
Հարթակի գործունեության նպատակն է բարձրացնել մարզի հանրակրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և զբոսաշրջության ոլորտների մշտադիտարկման արդյունավետությունը, հանրայնացնել մարզի հանրակրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և զբոսաշրջության ոլորտի կազմակերպությունների, ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի գործունեությունը, ձևավորել նորությունների միասնական հարթակ և խթանել նշված կառույցների միջև փորձի փոխանակումն ու համագործակցությունը։
Այսօր, քան երբևէ, մենք ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք նշված ոլորտներին։ Ժամանակակից պետությունները մրցունակ են առաջին հերթին իրենց կրթական մակարդակով ։ Համոզված եմ՝ մարզի կրթության զարգացման հարցում այլ գործոնների թվում կարևոր դեր կխաղա նաև ստեղծվող հարթակը։
Նորաստեղծ հարթակում իրենց էջերն ստեղծելու հնարավորություն կունենան կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և զբոսաշրջության ոլորտներում գործող մարզային և համայնքային ենթակայության կազմակերպությունները, ՀԿ-ները և զբոսաշրջության ոլորտի ընկերությունները։ Հարթակի գործունեությունը կհամակարգի Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը:
Հարթակը հնարավորություն կընձեռի կազմակերպել առցանց մշակութային միջոցառումներ, ստեղծագործական մրցույթներ, ցուցահանդեսներ։ Իր տեսակի մեջ, գործառույթների և ընդգրկման առումով, այն առայժմ եզակի է հանրապետության տարածքում և նախատեսվում է գործարկել 2021 թվականի սեպտեմբերին»,- գրել է Սանոսյանը։