Պատվաստանյութի առաջին դեղաչափերը, որոնք մշակել են ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech–ընկերությունները, երկուշաբթի կեսօրին պետք է հասցվեն ԱՄՆ 145 քաղաք: Դրանից անմիջապես հետո կսկսվի զանգվածային պատվաստումը: Այդ մասին տեղեկացնում է BBC-ն:
Անցյալ ուրբաթ Սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA) շտապ հաստատեց կորոնավիրուսի պատվաստանյութի օգտագործումը՝ հետևելով Մեծ Բրիտանիային, Կանադային և այլ երկրների:
Պատվաստումը տեղի է ունենում երկու փուլով. նախ` կատարվում է առաջին ներարկումը, իսկ 21 օր հետո` երկրորդը:
ԱՄՆ իշխանությունների ծրագրերի համաձայն՝ պատվաստանյութն առաջինը հասանելի կլինի ԱՄՆ-ի 21 միլիոն այն քաղաքացիներին, որոնք աշխատում են առողջապահության ոլորտում և ծերանոցների 3 միլիոն բնակչին:
Անցյալ շաբաթ ԱՄՆ առողջապահության նախարար Ալեքս Ազարը խոստացավ, որ կառավարությունը մինչև նոր տարի կապահովի պատվաստանյութի հասանելիությունը ևս 20 միլիոն ամերիկացիների համար:
Առաջնահերթ ցուցակում առայժմ նշված են միայն արտակարգ իրավիճակների, այդ թվում՝ ոստիկանության և հրշեջ ծառայության աշխատողները, ուսուցիչները և ծանր հիվանդություններով տառապող քաղաքացիները: Մնացած ամերիկացիները ստիպված կլինեն ևս մի քանի ամիս սպասել իրենց հերթին:
Ակնկալվում է, որ ԱՄՆ իշխանությունները այս շաբաթ կհաստատեն Moderna-ի մշակած մեկ այլ պատվաստանյութ ևս: