«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի դեկտեմբերի 15-29-ը՝ առցանց եղանակով։ Հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը՝ փառատոնը փոքր-ինչ հետաձգվել է և իրականացրել ձևաչափային փոփոխություններ։
Դեկտեմբերի 15-29-ն ընկած ժամանակահատվածում փառատոնն իր REA-ON հարթակում կազմակերպելու է առցանց աշխատարաններ, որոնց հանդես կգան կինոոլորտի առաջատար մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից, ովքեր կկիսեն իրենց հարուստ փորձը մասնակիցների հետ և հնարավորություն կընձեռեն հարստացնել գիտելիքներն ու ծանոթանալ արտերկրի փորձին։
Վարպետության դասով հանդես կգա Mona Lisa Descending a Staircase ֆիլմի համար «Օսկարի» արժանացած Ջոան Գրացը, որը ամերիկացի անիմատոր է, կինոգործիչ և մասնագիտացված է կավանկարչության ասպարեզում։ Աշխատարան կվարի կանադացի ծաղրանկարիչ, անիմատոր Գրեհեմ Անաբելը, որը մասնագիտացված է կոմիքսների ստեղծման ոլորտում, ստեղծել է նաև աշխատանքներ հեռուստատեսության, վիդեո խաղերի ասպարեզում։ Նրա ստեղծած ֆիլմերն առաջադրվել են մի շարք կինոմրցանակների։ Հանրության հետ իր փորձով կկիսվի նաև ֆրանսիացի անիմատոր, Եվրոպայի անիմացիոն մրցանակաբաշխության ասոցիացիայի նախագահ, գլխավոր քարտուղար, կինոպրոդյուսեր Ժան-Պոլ Կոմանը։ Ամերիկաբնակ հայազգի ռեժիսոր Արամ Յակուբյանը, որը քոնթենտ է ստեղծում աշխարհահռչակ Netflix-ի համար, նույնպես հետաքրքիր աշխատարան կանցկացնի։ Կոմիքսներ ստեղծելու վերաբերյալ հետաքրքիր պատմություններ կպատմի իսպանացի հայտնի գրող Աբել Ալվեսը։ Գերմանացի ծաղրանկարիչ և գրաֆիկ դիզայներ Ռեինհարդ Քլիեսթը, որը հայտնի է աշխարհահռչակ Էլվիս Փրեսլիի կենսագրականի ստեղծմամբ, նույնպես աշխատարան կվարի։ «Օսկար» մրցանակի առաջադրված հինգ ֆիլմերի վրա աշխատած Մարկ Շապիրոն, որն աշխատել է Nike և այլ բրենդների PR և մարքեթինգային արշավների ուղղությամբ, նույնպես կկիսվի իր փորձով։
Փառատոնի շրջանակում առցանց ձևաչափով կներկայացվի նաև ինքնատիպ համերգ։
«Չնայած տիրող բարդ իրավիճակին՝ այս օրերին փառատոնն ակտիվ աշխատել է կազմակերպչական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ՝ լիահույս լինելով, որ հանրությանը պետք է հաղորդակից դարձնել մշակույթին անգամ երկրի համար բարդ իրավիճակներում։ Մենք հավատացած ենք, որ ներկայացվելիք առցանց աշխատարանները կարևոր նշանակություն կունենան ոլորտում մասնագիտանալ ցանկացողների համար, և էլ ավելի շատ գիտելիքներով ու հմտություններով կհարստացնեն կինոսերներին»,-նշում է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային կինոփառատոնի տնօրեն Վրեժ Քասունին։
Հավելենք նաև, որ այս տարի փառատոնի կայացմանն աջակցել են ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը, Երևանում Գյոթե կենտրոնը և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը։