Վերականգնված է Հայաստանի Հանրապետությունից Քաշաթաղի շրջանի տարածքով Արցախ մուտք գործող էլեկտրամատակարարման օդային գիծը. «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրել է Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Արմեն Թովմասյանը՝ հավելելով, որ պատերազմի ընթացքում վնասված էլեկտրամատակարարման գծերի վերականգնման աշխատանքներ են նախատեսվում հանրապետության ողջ տարածքում:
«Հարկ է նշել, որ մինչև պատերազմը Արցախի էլեկտրաէներգետիկ ցանցը Հայաստանից սնվում էր երկշղթա: Երկրորդ գիծն անցնում էր Շահումյանի շրջանով: Ներկայումս ՀՀ-ից եկող էլեկտրամատակարարման միաշղթա գիծը միանում է Արցախի ընդհանուր ցանցին և մոտ 80 տոկոսով ապահովում է անհրաժեշտ էլեկտրաէնեգիայով: Պահանջվող ևս 20 տոկոս էլեկտրաէներգիայի ծավալն ապահովում են արցախյան ՀԷԿ-երը: Արցախի 36 ՀԷԿ-երից 30-ն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, ներկայումս էլեկտրամատակարարման ցանցին միացված են միայն 6-ը»,- մանրամասնել է Թովմասյանը:
Անդրադառնալով Մարտունու շրջանի կանոնավոր էլեկտրամատակարարման վերականգնմանը՝ նախարարը տեղեկացրեց, որ էլեկտրական օդային նախկին գծերը մնացել են հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ներկայումս պահանջվում է շուրջ 40 կմ երկարությամբ նոր գծի անցկացում:
«Այժմ Մարտունիում էլեկտրաէներգիա մատակարարվում է 1 մեգավատտ հզորությամբ, ինչը, սակայն չի բավարարում մշտական էլեկտրականություն ունենալու համար: Մարտունու շրջանի էլեկտրամատակարարման ապահովման նաև այլ տարբերակները կան: Այդ ուղղությամբ շուտով քայլեր կձեռնարկվեն»,- մանրամասնեց գերատեսչության ղեկավարը: