Բաքվի ախորժակը վերջին օրերին կրկին բացվել է: Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողություններն այսօր շարունակել են Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ: Օգտվելով առիթից, որ Հադրութի շրջանի` Արցախի վերահսկողության տակ գտնվող Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերում տեղակայված չեն խաղաղապահ ուժեր, դեկտեմբերի 11-ի երեկոյան էլ Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել այդ 2 գյուղի ուղղությամբ: Շաբաթ օրը Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել նույն գյուղերի ուղղությամբ։ Մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ և մոտենալ Խծաբերդին։
Ադրբեջանի վերսկսած մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, թշնամին հայտարարել է չորս զոհի մասին: Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը խնդիրը քննարկել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Առավոտյան ՊՆ-ն հայտարարեց՝ Հադրութում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։
Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայաստանի արտգործնախարարությունը: Ըստ հաղորդագրության, բացի այն, որ այս գործողությունները կոպիտ խախտում են նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, նաև նպատակ ունեն արժեզրկել Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ներկայությունը հակամարտության գոտում:
ՀՀ ԱԳՆ- Ըստ էության, համանախագահ երկրների ջանքերի դեմ ուղղված այս մարտահրավերն օրերս Բաքվում տեղի ունեցած շքերթի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների կողմից հայ ժողովրդին ուղղված ռազմատենչ և անընդունելի հայտարարությունների շարունակությունն է: Նման գործելաոճը ևս մեկ անգամ ի ցույց է դնում թուրք-ադրբեջանական ծավալապաշտական քաղաքականությունը, ինչը շարունակում է խաթարել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը և հղի է ծավալմամբ հարակից տարածաշրջաններ: Պաշտոնական Բաքվի այս գործողություններն առավել հրամայական են դարձնում ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը, այդ թվում՝ Արցախի տարածքների դեօկուպացիան և արցախահայության վերադարձը իրենց բնակության վայրեր:
Հրադադարի խախտմանը խաղաղապահ առաքելություն իրականացնող Ռուսաստանի արձագանքն էր՝ պահանջ կողմերին պահպանել հրադադարը: Մինչ այս հայտարարությունը, վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը գրել է, որ ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին:
Մանե Գևորգյան (ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար)- Հայկական կողմը գրավոր և բանավոր բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը, և այս մասին ամենաբարձր մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն։
Նախագահը դիմել է Ազգային ժողովին՝ շտապ գումարել արտահերթ նիստ, որը կքննի Հադրութի շրջանում ստեղծված իրավիճակի պատճառները և լուծման ճանապարհները։
Հայտարարություն է տարածել նաև ագրեսոր պետության պաշտպանության նախարարությունը, որտեղ նշվում է, թե Ադրբեջանի ԱԱԾ ուժերն, իրենց բնորոշմամբ՝ ստիպված իրականացրել են «հակաահաբեկչական» գործողություններ:
Հատկանշական է, որ ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները, կրակ բացելն ու Արցախին պատկանող բնակավայրի գրավումը տեղի է ունեցել, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում էին: Սահմանային լարվածությանը զուգահեռ դեկտեմբերի 12-ին նրանք հանդիպում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ընդունելությունը, ի դեպ, բավականին սառն էր, բառապաշարը՝ ոչ դիվանագիտական:
Իլհամ Ալիև (Ադրբեջանի նախագահ)- Այստեղ գալը եղել է ձեր գաղափարը: Ես Մինսկի խմբին այցով չեմ հրավիրել, բայց, երբ ինձ տեղեկացրեցին, որ Մինսկի խումբը ցանկանում է գալ, ես դեմ չէի: Միգուցե նրանք ինձ ասելու բան ունեն: Եթե ցանկանում եք ասել տեսախցիկների առաջ, ապա ասեք: Եթե ոչ, ապա ես կխնդրեմ նկարահանողներին գնալ: Լսում եմ ձեզ:
Տարածաշրջանային այցով Բաքվում, այսօր արդեն՝ Երևանում գտնվող համանախագահները Ֆրանսիայի և ԱՄՆ ներկայացուցիչներն են, Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Իգոր Պոպովը այցին չի մասնակցում: Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը պաշտոնական Երևանի հետ հանդիպումներ կանցկացնեն դեկտեմբերի 14-ին: