Բաքվի շքերթին Թուրքիայի նախագահի բանաստեղծություններն ու ճառերն Իրանում չներեցին: Արդեն չորս օր իրանական մամուլն առաջնորդողներում տեղադրում է նրա ծաղրանկարները: Էրդողանը Բաքվում կարդացել էր Արաքս գետին նվիրված «Արազ, Արազ» հայտնի բանաստեղծությունը և դիմելով Իրանի Ատրպատականի ժողովրդին՝ ասել էր․ «Մենք ձեզանից չբաժանվեցինք, մեզ բռնի կերպով բաժանեցին», և վերջում ավելացրել՝ Արազը շուտով իշխանություն և ուժ կստանա: Թեհրանը պաշտոնական բացատրություն պահանջեց Անկարայից և ստացավ:
Շաբաթ երեկոյան Իրանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում նրա թուրք գործընկերն ընդգծեց երկու երկրի միջև սերտ և բարեկամական հարաբերությունների առկայությունը, և Անկարայի վարած բարիդրացիական քաղաքականությունը:
Մևլութ Չավուշօղլու (Թուրքիայի ԱԳ նախարար)- Թուրքիայի նախագահը հարգում է Իրանի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Էրդողանը տեղյակ չի եղել իր արտասանած բանաստեղծության նկատմամբ առկա զգայունության մասին՝ համարելով, որ խոսքը վերաբերում է միայն Լաչինին և Լեռնային Ղարաբաղին, ինչի պատճառով Բաքվում կարդացել է այն:
Էրդողանի հայտնի ելույթը պանթյուրքիզմի և ծավալապաշտության հերթական դրսևորում համարվեց Իրանում: Արտգործնախարար Մոհամադ Զարիֆը զայրույթն արտահայտեց Թվիթերում՝ Թուրքիայի նախագահին ցույց տալով, որ պատմությունը չի կարող մեկնաբանվել Օսմանյան կայսրության հնացած գաղափարների հիման վրա: Քաղաքական գործիչներն իրավիճակը հարթեցին, իսկ ժողովրդին լուծումները դուր չեկան: Իրանի հյուսիսարևմտյան Թավրիզ քաղաքի բնակիչները բողոքի ցույց անցկացրին այնտեղ գտնվող Թուրքիայի հյուպատոսարանի շենքի առջև: Իրավիճակը մեկնաբանեց նաև Հայաստանում ԻԻՀ դեսպանը:
Աբբաս Զոհուրի (ՀՀ-ում ԻԻՀ դեսպան)- ԱԳ նախարար Զարիֆի դիրքորոշումը, Թուրքիայի դեսպանին ԱԳՆ կանչելը և Իրանի ամբողջ ժողովրդի արձագանքը ցույց տվեցին, թե Իրանի կառավարությունն ու ժողովուրդը ինչպիսի զգայունությամբ և լրջությամբ են դիմակայելու տարածաշրջանի պատմական իրողությունների նկատմամբ թյուր հայացքներին:
Իսկ իրանական մամուլն Էրդողանին շարունակում է սուլթան Ռեջեփ անվանել, որ իրեն երևակայելով օսմանական սուլթանի գահին բազմած՝ փորձում է աշխարհին թելադրել իր ցանկությունները։ Սա մեջբերում էր իրանական հեղինակավոր «Էնթեխաբ» օրաթերթից: