Արցախի կամերային նվագախումբն է, դաշնամուրի առջև՝ տնօրենը: Պատերազմը վերապրոֆիլավորել էր նվագախումբը՝ շենքը դարձել էր ապաստարան, երաժիշտներն էլ՝ մարտիկներ:
Միջավայրն է ստիպում նվագախմբի տնօրենին՝ Սիմոն Սարգսյանին, մարտական երգեր նվագել, երբեմն դանդաղ ու տխուր երաժշտություն է նվագում՝ տրամադրությունն է այդպիսին: Ապաստարան դառնալուց հետո նվագախմբի առաջին հյուրերը դարձան Հանրային հեռուստաընկերության աշխատակիցները:
Սիմոն Սարգսյան (Արցախի պետական կամերային նվագախմբի տնօրեն, կոմպոզիտոր, դաշնակահար, արվեստի վաստակավոր գործիչ) - Կամերային նվագախումբը, կարելի ա ասել, վերածվել է պլացդարմի կամ ավիաբազայի, հենա՝ աշխատանքը տեսնում եմ տղաների ... սենց ինքնաթիռի պես գնում են, հետո գալիս են:
Մտքիս մեջ երաժշտություն կար սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ հիշում է Սիմոնը: Պատրաստվում էր առավոտյան թղթին հանձնել հիշողության մեջ ժողոված նոտաները, բայց երաժիշտի ականջը րոպեներ անց այլ հնչյուններ է որսում՝ ռումբերի: Այդ պահից սկսած՝ նվագում է միայն իր և հյուրերի համար, երաժիշտները մասնագիտության բերումով էմոցիոնալ են՝ ասում է Սիմոնը, ստեղծագործելու համար հոգին պետք է խաղաղ լինի:
Սեղանին Մարտակերտից բերված նուռ է: Թե տանը մնար կա՛մ պետք է փտեր, կա՛մ ռումբի բաժին դառնար՝ ասում է Սիմոնը: Որոշել է տղաներին բերել՝ համեղ է ու օգտակար:
Նռան հյութով շաղախված ձեռքերը լվանում ու նորից ստեղնաշարին է դնում: Երգն էլ է զենք, պատերազմում ոգին պետք է բարձր լինի: Սիմոնը հաճախ չէր նվագում, բայց երբ ռումբերի ու տագնապի ազդանշանի ձայներն անտանելի էին դառնում, դաշնամուրի ձայնով էր խլացնում:
Հաճախ միջանցքով շրջում, աֆիշներին է նայում, միջանցքի նկարները շրջագայություններն են հիշեցնում: Պլաններ ունեին, ամբողջ տարին համավարակը խանգարեց, հետո արդեն՝ պատերազմը: Դեկտեմբերին տարեվերջյան համերգ պետք է լիներ, բայց միջոցառումն անժամկետ հետաձգվեց:
Սիմոն Սարգսյան - Պատերազմից ավելի վատ բան չկա էս աշխարհում: Ես ասում եմ՝ կորոնավիրուսը պատերազմի դեմ ոչ մի բան ա: Ես համաձայն եմ ամբողջ կյանքը կորոնավիրուսով ապրել, քան պատերազմում, որովհետև պատերազմի հետևանքները շատ վատն են:
Հանրայինի թիմը պատերազմի 44 օրերին արվեստի վաստակավոր գործիչ Սիմոն Սարգսյանի մի քանի մենահամերգ է լսել, երաժշտությունը ցրում էր օդում կախված լարվածությունը: Երաժիշտը պետք է ամեն օր նվագի՝ ասում է Սիմոնը, այսպես ասած՝ «մարզավիճակում» լինելու միակ տարբերակն է: Հաճախ լուսաքողարկիչ դարձած աֆիշին էր նայում, որտեղ գրված չէ համերգի ամիս-ամսաթիվ կամ համերգացանկ: Տեղն ազատ է, արդեն լրացված աֆիշը մի օր կազդարարի կամերային նվագախմբի վերածնունդը: