44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տարածքներում մնացած հայկական մշակույթի բազում բացառիկ նմուշներ, նաև՝ հայերի գերեզմանները վտանգված են: Տասնամյակների փորձը ցույց է տվել, որ պետականորեն հովանավորվող ադրբեջանական վարքագիծ է կոթողների, հուշարձանների, եկեղեցիների պղծումը, իսկ առավել մեծ սպառնալիքի տակ են այն նմուշները, որոնցում հայատառ գրություններ կան: Հայկական հետքը ջնջելու դիտավորությամբ՝ դրանք պարզապես ոչնչացվում են: Հայաստանը դիմել է միջազգային գործընկերներին՝ դարավոր մշակույթը պահպանելու ակնկալիքով: Վանդալի ձեռքը բռնելու հարցում սպասելիքներ կան հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ից:
82-ամյա Միշա Բաբայանը 15 տարի փայփայել է Արցախի Վանք գյուղի Սպիտակ Խաչ եկեղեցին, պահել տարածքը, դիմավորել ուխտավորներին:
Միշա Բաբայան (Վանք գյուղից տեղահանված) - Եկել են միլիցիաները, թե՝ շո՛ւտ գնացեք, գալիս են թուրքերը... Դաժե չեմ հասցրել վերցնել պասպորտս, դակումենտներս, ոչ մի բան: Համբուրել եմ...
Գյուղը թողնելուց առաջ վազել է եկեղեցի, գրկել խաչքարերը, մոմ վառել, աղոթել, խոստացել, որ կվերադառնա ու հրաժեշտ տվել Սպիտակ Խաչին:
Միշա Բաբայա - Պետք է գնանք, ինչ ասեմ: Հավատում ենք, Սպիտակ Խաչին պետք է հավատանք, նրա ուժին պետք է հավատաս: Ամեն առավոտ որ գնում եմ, ասում եմ՝ խաղաղություն գցի: Թուրքն ասում ա՝ մերն ա, թուրքը ղալա՛թ ա անում:
Տարածքը մաքուր պահելու մասին ցուցանակն ինքն է փակցրել: Կիրակի հարյուրավոր հավատացյալներ էին գալիս եկեղեցի: Հաճախ էր Պարգև Սրբազանն այցելում հնագույն եկեղեցի: Միշա Բաբայանն 94-ին որդուն է կորցրել, մյուս տղան այս պատերազմում վիրավորվեց:
Արտակ Բեգլարյանը Սպիտակ Խաչը լքելու ծանր պահին է երգել: Ադրբեջանական վանդալիզմից փրկելու համար վերցրել են քանդակներն ու խաչքարերը: Մշակութային ժառանգության պահպանության հարցն արտաքին քաղաքական օրակարգ մտավ պատերազմի օրերին, երբ Ադրբեջանը սկսեց թիրախավորել հոգևոր, մշակութային ու կրոնական արժեքները:
Արման Խաչատրյան (ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար) - Ադրբեջանը հայկական ժառանգության վերաբերյալ երկու մոտեցում ունի՝ ֆիզիկական ոչնչացում՝ քանդել, պղծել և այլն, և ունեն երկրորդ տարբերակը, երբ ինքնության պղծումն է, աղավաղումն է, կարելի է էսպես ասել, որը դրսևորվում է աղվանացման գործընթացը, այսինքն՝ երբ հայկական, քրիստոնեական ժառանգությունը ներկայացվում է որպես աղվանական, կեղծ մի բան, որը որևէ գիտական կրիտերիաների, քննադատության չի համապատասխանում: ԱԳՆ-ի քայլերն այս երկուսը կանխելու համար են:
Ադրբեջանական բարբարոսության թիրախ դարձան Սուրբ Ղազանչեցոցը, Կանաչ ժամը, հայկական գերեզմաններ, ազատամարտիկների հուշարձաններ, Ադրբեջանը Դադիվանքում քարոզիչ նշանակեց ուդի հոգևորականի:
Նարինե Խաչատուրյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Ամենից շատ վտանգված կլինեն այն հուշարձանները, որոնք ունեն արձանագրություններ, հայատառ արձանագրությունները ջղայնացնում են թուրքերին:
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանության հարցը Հայաստանը ներկայացրել է միջազգային գործընկերներին, բարձրագույն մակարդակներով, երկկողմ հանդիպումներում: Առաջնահերթ գործընկերը ՅՈՒՆԵՍԿՕ-ն է:
Արման Խաչատրյան - Պատրաստվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը, որը նաև հայկական կողմի պահանջն է եղել, որպեսզի գան, տեղում փաստահավաք առաքելություն ուղարկվի, այն տարածքները, որոնք անցել են ադրբեջանական օկուպացիայի տակ, տեսնեն՝ ինչ վիճակում են գտնվում հայկական մշակութային ժառանգության խնդիրները:
Արմեն Շանոյան - Մեր գյուղի տակ Ղոչազ գյուղն է, գնում էինք այնտեղի եկեղեցին, փլատակ էր, կառուցեցին, որ բացումն անում էին, շատ մարդիկ էին եկել՝ Լաչինից, Գորիսից:
Տեղափոխվել են Սոնասարից: Իր աչքով տեսել է՝ ադրբեջանցիները հայատառ գրությունով խաչքարերը որպես շինանյութ են օգտագործել:
Արմեն Շանոյան - Խաչքարը տեսել եմ, որ տների մեջից հանում են, հիմքերից: Եկեղեցի ա եղել, թուրքերը քանդել են:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարը հիշեցնում է Ջուղայի խաչքարերի հանդեպ վանդալիզմը: Ադրբեջանի քաղաքականությունը միտված է հայկական հետքի վերացմանը: Արման Խաչատրյանը կարևորում է մոնիթորինգային մեխանիզմի ուժեղացումը:
Արման Խաչատրյան - Մեր կողմից նախաձեռնվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեի շրջանակում նոր մոնիթորինգային մեխանիզմի ստեղծում, որը հնարավորություն կտար զինված հակամարտությունների ընթացքում մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման դեպքերի վերահսկման, այսպես ասած, գործիքակազմի ներդրում:
Գյուղացիներն իրենց հետ բերել, փրկել են որոշ մասունքներ: Մշակութային ժառանգությունը փրկվել է նաև արդի տեխնոլոգիաների միջոցով, դրանք եռաչափ մոդելավորվել են: Վանքասարի Սպիտակ Խաչի պահակը կուզեր էլի տեսներ իր գյուղն ու այն պահող եկեղեցին:
Միշա Բաբայան - Աստված մեծ ա, միգուցե բոլորիս հաջողացնի, վերադառնանք գյուղարանքը: