Ֆրանսիայի ԱԳՆ-ն դատապարտել է Amad News լրատվական պորտալի ղեկավար Ռուհոլլահ Զամի մահապատիժը՝ այն անվանելով լուրջ հարձակում Իրանում խոսքի ազատության վրա՝ հայտնում է РИА Новости-ն:
«Սա բարբարոսական և անընդունելի արարք է, որը հակասում է այս երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին: Ֆրանսիան նորից հայտարարում է, որ մերժում է մահապատիժն ամենուր և ցանկացած պայմանով»,- նշել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Իրանցի լրագրողը մահապատժի է ենթարկվել դեկտեմբերի 12-ին: Նա ձերբակալվել էր 2019-ի հոկտեմբերին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից: Պարզվել էր, որ հետախուզությունը տարիներ շարունակ հետևել է լրագրողին: Նրանց խոսքով՝ Զամը համագործակցել է օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ և ցանկանում էր «երկրում քաոսային վիճակ ստեղծել»:
2017-2018 թվականներին Զամը ակտիվ մասնակցել է Իրանում բողոքի ցույցերի լուսաբանմանը, մինչդեռ նրա մշտական բնակության վայրը Ֆրանսիան էր: Իրանի իշխանությունները Amad News-ը բազմիցս անվանել են հակակառավարական աղբյուր: