Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներ Էնդրյու Շոֆերին և Ստեֆան Վիսկոնտիին չի հրավիրել Բաքու: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Այստեղ գալը եղել է ձեր գաղափարը: Ես կարող եմ տեսախցիկների առաջ մեկ անգամ ևս դա ասել: Ես Մինսկի խմբին այցով չեմ հրավիրել, բայց, երբ ինձ տեղեկացրեցին, որ Մինսկի խումբը ցանկանում է գալ, ես դեմ չէի: Միգուցե նրանք ինձ ասելու բան ունեն: Եթե ցանկանում եք ասել տեսախցիկների առաջ, ապա ասեք: Եթե ոչ, ապա ես կխնդրեմ նրանց գնալ: Լսում եմ ձեզ»,- նշել է Ալիևը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցի շրջանակում դեկտեմբերի 12-ին ժամանել են Բաքու: Նրանց ընդունել է Ալիևը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Երևան կժամանեն դեկտեմբերի 13-ին: