ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնի (Սոֆիայի կենտրոն) նախաձեռնությամբ տեղի է ունեցել կենտրոնի ամենամյա գլխավոր համաժողով՝ հաղորդում են ԿԳՄՍ նախարարությունից։
Միջոցառմանը մասնակցել են Բուլղարիայի Հանրապետության և 14 անդամ պետությունների (Հայաստան, Ալբանիա, Խորվաթիա, Կիպրոս, Վրաստան, Հունաստան, Մոնտենեգրո, Ռումինիա, Մոլդովա, Սերբիա, Սլովենիա, Ուկրաինա, Իտալիա) մշակութային ժառանգության ոլորտը համակարգող պետական, գիտական, մշակութային կազմակերպությունների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովների ներկայացուցիչներ, ոչ նյութական մշակութային ժառանգության փորձագետներ։
Հայաստանի Հանրապետությունից համաժողովին մասնակցել են ՀՀ ԱԳՆ Բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ու բազմակողմ կրթամշակութային համագործակցության բաժնի երկրորդ քարտուղար Ա. Հակոբյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Ն. Կիլիչյանը։
Հանդիպման օրակարգի հիմնական հարցերն էին Սոֆիայի կենտրոնի 2019 թ. բովանդակային և ֆինանսական հաշվետվությունների, քովիդ-19 համավարակով պայմանավորված՝ 2020-2021 թթ. աշխատանքային ծրագրերի փոփոխությունները և բյուջեի քննարկումները, ինչպես նաև առկա իրավիճակում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մարտահրավերներն ու խնդիրները։
Հանդիպման արդյունքում մատնանշվել են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված մի շարք գիտական, կրթական ու մշակութային ծրագրերի իրականացման առաջնահերթությունները և դրանց շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը։