Ռուզաննա Ադամյանի սեղանին աշխատանքային իրարանցում է: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ապաստարանների կառուցման նորմերն են մշակվում: Նորակառույցները նախագծելուց, քարը քարին դնելուց առաջ, որպեսզի կառուցապատողը ապաստարանների կառուցման հարցը չանտեսի, քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է այդ գործընթացը:
Ռուզաննա Ադամյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ) - Յուրաքանչյուր քաղաքաշինական օբյեկտ՝ լինի հասարակական նշանակության թե բնակելի նշանակության, անպայման պետք է ունենա նկուղային հատված՝ ապաստան կամ թաքստոց:
Գործընթացը դեռ հուլիսին են սկսել, ուսումնասիրել են այլ երկրների օրինակներն ու հարմարեցրել մեր պայմաններին: Ադամյանն ասում է՝ պատերազմը խանգարել է գործը գլուխ բերել: Հասցրել են միայն մրցույթ հայտարարել: Դեռ հայտնի է միայն հաղթող նախագծային կազմակերպության անունը, կնքված է պայմանագիրը: Ֆինանսավորման համար ամբողջ փաթեթն էլ ուղարկել են Ֆինանսների նախարարույթյուն:
Ռուզաննա Ադամյան - Կարծում եմ, որ կֆինանսավորվի. առաջ Աստված:
Պարտադիր նորմերը ոչ միայն ներկառուցման մասին են, այլև շենքերից դուրս առանձին ապաստարանների կառուցման: Թե դրանք ինչ չափորոշիչներով պետք է կառուցվեն, պատերը ինչ հաստություն պետք է ունենան, ինչպես պետք է կահավորվեն՝ բոլոր այս հարցերի պատասխանը կտա նախագծող կազմակերպությունը: Բայց մինչև դրանք սահմանելը կոմիտեում շեշտում են՝ խաղաղ ժամանակներում ապաստարանները պետք է լինեն հասարակական նշանակության որևէ օբյեկտ՝ պահեստ և գուցե առևտրի կենտրոն:
Ռուզաննա Ադամյան - Առևտրի կենտրոն է, ավտոկայան՝ կարելի է շատ արագ հարմարեցնել թաքստոցի:
«Մշակվող նորմերը արդեն կառուցված շենքերի վրա չեն տարածվի: Դա բարդ խնդիր է,- ասում է Ադամյանը: «Հայնախագիծ ընկերության տնօրենը» էլ շեշտում է՝ շենքերի մեծ մասի նկուղներն այսօր մասնավորեցվել են: Դրանք մասնավորից հետ վերցնելը բարդ կլինի:
Գրիգոր Ազիզյան («Հայնախագիծ» ՓԲԸ տնօրեն) - Փողոցները բոլորը նկուղները դեպի դուրս են բացվում, ավելի կավ կլինի խաղահրապարակները ներքևում կառուցել:
Նորմերը դեռ մշակման փուլում են, բայց գործնական քայլեր արդեն կան: Հայնախագիծի մասնագետները որոշ մարզերում արդեն մի քանի ապաստարան են նախագծել: 4-ն արդեն պատրաստ է:
Գրիգոր Ազիզյան - Վերջերս մի քանի հիվանդանոց են կառուցել:
Առաջիկայում կստեղծվի նաև առանձին համակարգ, որով էլ կկարողանան մշակված նորմերը վերահսկել: