Parliamentmonitoring.am-ը ներկայացրել է «Կուսակցությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունների մանրամասները՝ նշելով, որ այն նոր կանոններ է սահմանում:
««Կուսակցությունների մասին» օրինագծով խստացվում են կուսակցությունների՝ հատկապես ֆինանսավորման և ֆինանսական ծախսերի թափանցիկության պայմանները: Նախ պետությունն ինքն է ավելացնում կուսակցությունների ֆինանսավորումը, փոխում է ֆինանսավորման բանաձևը՝ «քիչ ձայն ստացածներին՝ շատ, շատ ձայն ստացածներին՝ քիչ փող» սկզբունքով։
Եթե մինչև հիմա պետությունը ֆինանսավորում էր վերջին խորհրդարանական ընտրություններում 3 տոկոս և ավելի ձայն ստացած կուսակցություններին, ապա հիմա այդ շեմը դարձել է 2 տոկոս։ Եթե գործող օրենքով կուսակցությունը յուրաքանչյուր քվեի համար ստանում է 40 դրամ, ապա փոփոխված նախագծով մինչև 5 տոկոս ձայն ստացած կուսակցության յուրաքանչյուր քվեի համար սահմանվում է 1000 դրամ, 5-15 տոկոսի դեպքում՝ 500 դրամ: 15-25 տոկոս ձայն ստացած ուժի յուրաքանչյուր քվեն կլինի 250 դրամ, 25 տոկոսից ավելիի դեպքում՝ 125 դրամ:
«Իմ քայլը» առաջարկում է թույլ չտալ, որ գործարարներն ու ընկերությունները, ինչպես նաև օտար երկրներն ու կազմակերպությունները Հայաստանում գրանցված կուսակցություններին գումար փոխանցեն: ՀՀ-ում գրանցված կուսակցությունները կարող են ֆինանսավորվել միայն ՀՀ քաղաքացիների կողմից՝ հանգանակությունների կամ պետբյուջեի հատկացումների միջոցով։ Ընդ որում՝ նվազելու է նաև մեկ տարվա ընթացքում յուրաքանչյուր քաղաքացու կատարած նվիրատվության չափը՝ 2,5 մլն դրամ՝ 10 միլիոնի փոխարեն:
Պետությունը, ավելացնելով կուսակցությունների ֆինանսավորումը, պահանջում է, որ քաղաքական կազմակերպություններում այդ գումարներով ավելի շատ երիտասարդներ և կանայք ներգրավվեն, հակառակ պարագայում պետությունից ֆինանսներ չեն տրվի:
Նախագծով կուսակցությունների նկատմամբ ընթացիկ ֆինանսական վերահսկողությունը ԿԸՀ-ից փոխանցվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Որպես թափանցիկության գրավական՝ սահմանվում է կուսակցությունների՝ բացառապես անկանխիկ ֆինանսավորումը:
Կուսակցություններին, սահմանված պահանջները խախտելու դեպքում, սպառնում է գործունեության դադարեցում»։