ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը լրագրողների հետ զրույցի ընթացքում պատասխանել է ԼՂ-ում ՄԱԿ-ի ներգրավվածության մասին հարցին՝ նշելով, որ ՄԱԿ-ի կառույցների ներգավման մեջ չկան խոչընդոտներ, սակայն որոշ հարցեր դեռևս մշակման փուլում են: Փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
ՄԱԿ-ի խոսնակը կրկին ընդգծել է կազմակերպության պատրաստակամությունը հայկական և ադրբեջանական կողմերին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու մասին:
«Մեր OCHA-ի գործընկերները (Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակ) և ՄԱԿ-ի այլ համապատասխան գործակալություններ ու մարմիններ աշխատում են բոլոր շահագրգիռ կողմերի հետ` Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում նախնական անկախ միջգերատեսչական գնահատում իրականացնելու համար, որպեսզի հստակ պատկերացում կազմվի տեղում մարդասիրական և ցանկացած այլ կարիքների վերաբերյալ:
Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ բոլոր համապատասխան դերակատարները լիովին համագործակցեն մեզ հետ` անխոչընդոտ մուտքն ապահովելու և առաքելությունն առաջ շարժելու համար»,- հայտարարել է ՄԱԿ-ի խոսնակը: