Ժամանակավոր կացարանի խնդրով հիմա քիչ են դիմում: Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի օրերին Հայաստանում ժամանակավոր կացարանի համար օրական ավելի քան հարյուր մարդ էր դիմում, հիմա օրը մի քանի դիմում են ունենում, այն էլ Երևանից Արցախ մեկնելու նախորդ օրը գիշերելու համար:
Մարտին Մխիթարյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վերահսկողության վարչության մասնագետ) - Հետաքրքիր միտում կա այստեղ արդեն գալիս են մնալու այն ընտանիքները որոնք հաջորդ առավոտյան պետք է տեղափոխվեն Ստեփանակերտ: Գալիս են գիշերում են այստեղ առավոտյան տեղափոխվում են ստեփանակերտ:
Արցախից տեղահանվածների մեծ հոսք եղել է պատերազմի թեժ օրերին՝ հոկտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 8-ը, ասում է մոնիտորինգի վարչության պետը: Հիմա մոտ 20 անգամ կրճատվել է այդ թիվը: Նրանց տեղավորում էին Հայաստանի տարբեր հյուրանոցներում, մասնավոր տներում:
Հայկ Մուրադյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մոնիտորինգի վարչության պետ) - Կենտրոն դիմել են և Արցախի մեր հայրենակիցները ովքեր եկել են Շուշիից, Հադրութից, Մարտունուց և Արցախից եկած այն քաղաքացիները ովքեր եկել էին բայց տեղավորվել էին Հայաստանի տարբեր հյուրանոցներում կամ մարդկանց բնակարաններում, որոնք արդեն այդտեղից էլ էին դուրս գալիս և դիմում էին մեզ:
Թեժ գծի զանգերը ևս քչացել են, նկատում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցը, ինչը վկայում է որ մարդիկ գիշերակացի խնդիր չունեն: Բժիշկներ, հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, կամավորներ՝ շուրջօրյա ռեժիմով այստեղ աշխատել է ավելի քան 30 մարդ:
Եվգինե Վարդանյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակից) - Հերթափոխով ենք աշխատել, հիմա սոցիալական աշխատողների համար հերթափոխ չկա, հոգեբանի համար էլ հերթափոխ չկա, բժիշկների համար էլ հերթափոխ չունենք, բայց կենտրոնը բաց է:
Թեև դիմողների թիվը նվազել է, սակայն կենտրոնը դեռ գործում է: