ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներն այս տարվա վերջին նիստն են անցկացրել՝ կրկին հեռավար։ Տնտեսական միության համար 2020-ը մարտահրավերների տարի էր, համաճարակը դրա առանցքում էր։ Չնայած խնդիրներին՝ միության կապերն ավելի են ամրապնդել՝ իր ելույթում ընդգծեց Հայաստանի վարչապետը, նկատեց՝ ճգնաժամը հաղթահարելու համար ստացել ու ստանում ենք գործընկերների աջակցությունը՝ այդ շարքում առանձնացնելով դաշնակից Ռուսաստանի դերը։ Փաշինյանն իր ելույթում նաև դժվարություններից է խոսել։
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - «ԵԱՏՄ անդամ երկրների հետ սահմաններ չունենալը Հայաստանի համար որոշ դժվարություններ ու տնտեսական ծախսեր է առաջացնում: Առանց խոչընդոտների ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները ԵԱՏՄ մյուս պետությունների հետ մեզ համար ունեն հիմնային կարևորություն: Այս ոլորտում արգելափակումները մեզ համար առավել զգայուն են, այդ պատճառով այսօր արդիական նշանակություն ունի Հայաստանի քաղաքացիների համար ԵԱՏՄ մի շարք երկրներ մուտքի արգելքի վերացման պայմանների ստեղծումը»:
Տնտեսական կապերն ակտիվացնել ոչ միայն միության ներսում, այլև երրորդ երկրների հետ՝ հայտարարեց Փաշինյանն ու նշեց՝ Հայաստանը տրամադրված է համաշխարհային շուկաներում առաջ մղել ԵԱՏՄ շահերն ու կառույցը դիրքավորել որպես վստահելի գործընկեր: Այստեղ, սակայն, ըստ վարչապետի, կարևոր է փոխզիջումային լուծումներով ամբողջացնել ու ավարտին հասցնել մինչև 2025 թ. միության զարգացման ռազմավարությունը։
Նիկոլ Փաշինյան - «Մենք հավատարիմ ենք մնում սկզբունքային դիրքորոշմանը, որ անհրաժեշտ է համակարգված էներգետիկ քաղաքականություն։ Մասնավորապես, վստահ ենք, որ ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորումը տնտեսական ինտեգրացիոն գործընթացի անբաժանելի մաս է»։
Գազի միասնական շուկայի ձևավորման առաջին փուլում մեծ աշխատանք է արվել՝ ընդգծում է վարչապետը ու կարևորում դրա շարունակությունը։ Հայաստանի ղեկավարի ելույթից հետո նիստը նախագահող Լուկաշնեկոն է դիմում Փաշինյանին՝ անդրադառնում վերջին դեպքերին։
Ալեքսանդր Լուկաշենկո (Բելառուսի նախագահ) - «Մենք բոլորս գիտենք, հատկապես Բելառուսում շատ լավ են հասկանում, որ Հայաստանը բարդ ժամանակաշրջան է ապրում։ Եվ թույլ տվեք մեր նիստի բոլոր մասնակիցների անունից հաջողություն մաղթել այս դժվարին պայքարում: Մենք վստահ ենք, որ հայ ժողովուրդը պատվով դուրս կգա այն վիճակից, որի պատճառը և՛ միջազգային ասպարեզում, և՛ մեր պետությունների ներսում առկա խնդիրներն են»։
2021-ն էլ հեշտ չի լինելու միության անդամների համար՝ կանխատեսում է Ռուսաստանի նախագահն ու հիշեցնում, համավարակից բացի կարևոր խնդիր է երկարաժամկետ հեռանկարում տնտեսական հետևանքների վերացումը:
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - «Ռուսաստանը գործընկերներին է տրամադրել 900 հազարից ավելի ՔՈՎԻԴ թեստ: Տրամադրում ենք, և շարունակելու են տրամադրել դեղորայք, անձնական պաշտպանության միջոցներ։ Ինչպես գիտեք՝ ռուս մասնագետները մշտական կապի մեջ են հնգյակի երկրների գործընկերների հետ, ցուցաբերում են խորհրդատվական աջակցություն։ Այս պահի մշակվում է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի տրամադրման հարցը միության անդամներին»։
Պուտինի խոսքով՝ ուշադրության կենտրոնում պետք է պահել նաև ԵԱՏՄ թվայնացման օրակարգը։ Ըստ նրա՝ Եվրասիական զարգացման բանկի միջոցով մշակվում են թվայնացման նոր գործիքներ, և դրանցից մեկը այն բջջային հավելվածն է, որը հնարավորություն կտա հեշտացնել մարդկանց տեղաշարժը ԵԱՏՄ տարածքում: