Շնորհակալ ենք բոլոր՝ հատկապես ՌԴ մեր գործընկերներին՝ համավարակի հետևանքների վերացման հարցում ցուցաբերած օժանդակության համար: Այդ մասին ԵԱՏՄ Բարձրագույն նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա կարևորեց ԵԱՏՄ որոշ երկրների կողմից ՀՀ քաղաքացիների մուտքի սահմանափակման վերացումը՝ նշելով, որ կարևոր են տնտեսական կապերը ոչ միայն ԵԱՏՄ ներսում, այլև այլ միավորումների հետ:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը վերահաստատում է ԵԱՏՄ անդամ երկրների հետ համագործակցության խորացման պատրաստակամությունը: «Հայաստանը տրամադրված է ԵԱՏՄ շահերը համաշխարհային շուկաներում առաջ մղելու և կառույցը որպես վստահելի գործընկեր դիրքավորելու հարցում:
Վարչապետը նշեց, որ Հայաստանն առաջնահերթ է համարում մինչև 2025 թ. ԵԱՏՄ զարգացման ռազմավարության վերջնականացումը:
«Կարևոր է կարգավորել նաև ԵԱՏՄ էներգետիկ ինտեգրման գործընթացը: ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորումը կնպաստի ինտեգրման գործընթացին»,- ասաց ՀՀ կառավարության ղեկավարը:
Նա նաև վերահաստատեց Ղազախստանի՝ որպես նախագահող երկրի հետ համագործակցության Հայաստանի պատրաստակամությունը:
Փաշինյանի ելույթից հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշեց, որ Հայաստանն ապրում է դժվարին փուլ: «Բոլոր մասնակիցների անունից բարեհաջող հաղթահարում եմ մաղթում»,- ընդգծեց նա: