Հայաստանում կստեղծվի հակակոռուպցիոն կոմիտե. գործադիրը դեկտեմբերի 3-ին հավանության արժանացրեց Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի նախագիծը:
1lurer.am-ի հետ զրույցում Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Մարիամ Գալստյանը հայտնեց, որ հակակոռուպցիոն կոմիտեի շենքը նախանշվել էր կառուցել Սիլիկյան թաղամասում: Այդ նպատակով արդեն իրականացվել է մրցույթը, և հաղթող ճանաչված կազմակերպությունը սկսել է նախագծահաշվային աշխատանքները: Գալստյանի խոսքով, սակայն, քանի որ նոր շենքի կառուցումը, մասնագետների գնահատմամբ, կտևի 2.5-3 տարի, նախատեսում են ժամանակավոր լուծում:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
ԱՆ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը տեղեկացրեց՝ նախագծով նախատեսված է, որ մրցութային հանձնաժողովն ընտրելու է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին, իսկ մրցութային խորհուրդն իրավասու է ընտրել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին:
«Խորհրուրդը ձևավորվում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի դիմումի հիման վրա՝ Կառավարության, ԱԺ խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի, Գլխավոր դատախազի և Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նշանակված մեկական թեկնածուներից և ներառելու է նաև քաղհասարակության երկու ներկայացուցչի: Առաջին կազմում խորհրդակցական ձայնի իրավունքով ներառվելու են նաև միջազգային փորձագետներ: Քաղհասարակության ներկայացուցիչները հայտարարության հրապարակվելուց հետո արդեն հնարավորություն են ստանալու դիմելու վարչապետի աշխատակազմ և ներգրավվելու: Եթե երկուսից ավել լինի նրանց թիվը, նախապատվությունը կտրվի այն հասարակական կազմակերպությանը, որի հակակոռուպցիոն ոլորտում փորձառությունն առավել մեծ է»,- ասաց Գալստյանը:
Արդարադատության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ կոմիտեի նախագահի թեկնածուն ընտրվելու է մրցութային խորհրդի կողմից՝ չորս փուլի արդյունքում: Տեղեկացրեց, որ առաջինը փաստաթղթերի ուսումնասիրության փուլն է. Խորհուրդը հավանության է արժանացնելու, եթե փաստաթղթերի ուսումնասիրության փուլի արդյուքնում ստացվի, որ թեկնածուները համապատասխանում են չափանիշներին: Երկրորդ փուլում թեկնածուների նյութերն ուղարկվելու են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որպեսզի հանձնաժողովն ուսումնասիրի վերջիններիս բարեվարքությունը: Բարեվարքության ուսումնասիրության արդյունքներով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներկայացնելու է խորհրդատվական եզրակացություն:
«Այն թեև խորհրդատվական է, այդուհանդերձ, մրցութային խորհուրդը պարտավոր է այն հաշվի առնել: Հետագայում արդեն հարցազրույցի փուլի ընթացքում գնահատվելու են ինչպես մասնագիտական գիտելիքները, այնպես էլ ավելի շատ անձի էթիկական, վարքագծի կանոնների, այլ իրավիճակային կողմնորոշումները, կառավարչական հմտությունները: Արդյուքնների ամփոփման փուլում էլ կընտրվեն երկու թեկնածու, կներկայացվեն վարչապետին, և վարչապետը ներկայացված թեկնածուներից նշանակում կկատարի»,- ասաց Մարիամ Գալստյանը:
Արդարադատության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ հաջորդ տարվա սկզբին ԱԺ-ն կքննարկի նախագիծը, որից հետո բոլոր ենթաօրենսդրական ակտերի ընդունման, մրցութային խորհուրդների ձևավորման, մրցույթների կազմակերպման արդյունքում, ենթադրում են՝ ամռան վերջին-սեպտեմբերի սկզբին արդեն, կունենանք ձևավորված կոմիտե:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Գալստյանը շեշտեց, որ հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման հիմնական նպատակը կոռուպցիոն գործերի քննության մասնագիտացումն է:
«Մենք հիմա ունենք մի քանի քննչական մարմիններ, որոնք զբաղվում են կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ, բայց արդյունքում մասնագիտացման առումով թերացումներ ունենք: Դրա համար հիմնական չափանիշը մասնագիտացումն է և վերլուծական մոտեցումը: Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է ունենա օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնելու լիազորություն, որպեսզի հնարավորություն լինի ավելի ճկուն իրականացնել քննությունը և մեկ մարմնում մեկտեղվեն այդ բոլոր գործառույթները, որպեսզի տեղեկատվության արտահոսք և այլ ռիսկեր չունենանք»,- ասաց Մարիամ Գալստյանը:
Նրա խոսքով՝ նախանշված է, որ հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումից հետո կլինի երեք տարվա միջանկյալ շրջան, որի ընթացքում այլ մարմիններն իրենց վարույթներում գտնվող գործերը շարունակելու են քննել, որպեսզի նոր կոմիտեն կոլապսի չենթարկվի և, օրինակ, ստիպված չլինի քննել միանգամից 2200 գործ:
Գալստյանն ընդգծեց՝ դրա համար «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծի անցումային դրույթներում նշված է, որ նորաստեղծ կառույցին այդ փուլում չեն փոխանցվելու կոռուպցիոն հանցագործությունների առթիվ հարուցված հին գործերը: Բայց կոմիտեի նախագահի համաձայնությամբ կարող են լինել բացառություններ, և հանրային հնչեղության կարևորության գործերը նաև փոխանցվել:
Իսկ կոմիտեի ստեղծման պահից արդեն բոլոր նոր գործերը քննելու է Հակակոռուպցիոն կոմիտեն: