Իրանի պաշտոնյաները շարունակում են արձագանքել Էրդողանի՝ Արաքսի երկու ափերը բաժանելու մասին հանդուգն հայտարարություններին, որոնք արվել էին Բաքվում անցկացված զորահանդեսի ժամանակ՝ տեղեկացնում է infoteka24.ru-ն:
Իրանի խորհրդարանում Հալհալի և Քուսարի ներկայացուցիչ Սեյեդ Ջանի Նազարին Twitter-ում հետևյալ գրառումն է կատարել. «Նեոօսմանյան արտաքին քաղաքականությունը Էրդողանին այնքան է ապակողմնորոշել, որ նա մոռացել է տարածաշրջանի պատմությունը: Թող Թուրքիայում քաղաքական գիտությունների ամբիոնի վարիչները և պատմության դասախոսները հիշեցնեն նրան, թե ում է պատկանում Մեծ Ադրբեջանը: Մեր կարմիր գիծը տարածքային ամբողջականությունն է»:
Նպատակահարմարության որոշման խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայը շեշտել է. «Եթե Էրդողանը խոսում է Արաքսի մասին, փորձում է կրկնել «Իսլամական պետության» ձախողված փորձը Սիրիայում, ապա սխալվում է»: