Թեև իշխանությունը չի բացառում, որ կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այդուհանդերձ, ընդդիմադիրների հետ այդ օրակարգի շուրջ քննարկումներ դեռ չկան: Ընդդիմադիրների հետ երկխոսություն սկսելու պատրաստակամություն հայտնել է նաև վարչապետը՝ պայմանով, որ հարկադրանքի ու սպառնալիքի լեզվով խոսողներ չլինեն։
Իշխանությունից քննարկումների առաջարկ Լուսավոր Հայաստանը դեռ չի ստացել: Եթե դրանք լինելու են ընտրական օրենսգիրքը փոխելու, հետո ընտրություններ անցկացնելու մասին, ապա, ըստ Մարուքյանի, արտահերթը պետք է անցկացվի օրենսգիրքն ընդունելուց վեց ամիս հետո: Դա Վենետիկի հանձնաժողովի պահանջն է, հակառակ դեպքում տեսականորեն հենց վաղն էլ կարող է քվեարկություն լինել:
Էդմոն Մարուքյան (ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար) - Խաղի կանոնների մեջ են մտնում քաղաքական կամքը, օրինակ՝ ընտրությունները չկեղծելը, ընտրակաշառք բաժանողին կալանվորելը, ձերբակալելը, խաղի կանոնները խախտողները պետք է պատժվեն: Էդ քննարկումը երբ կսկսվի, կքննարկենք:
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո փողոցային պայքար սկսած 16 քաղաքական ուժերին «Լուսավոր Հայաստանը» չի միացել: Նրանց վարչապետի միասնական թեկնածուի հետ Մարուքյանը հանդիպում ունեցել է, սակայն համարում է, որ արահերթ ընտրություններ լավագույնս կարող է կազմակերպել և անցկացնել իր ղեկավարած քաղաքական ուժը:
Իշխանությունը շարունակում է աշխատանքն ընտրական օրենսգիրքը փոփոխելու շուրջ: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում նախագիծը պատրաստ կլինի, «Լուրեր»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց «Իմ քայլից» Համազասպ Դանիելյանը:
Համազասպ Դանիելյան (ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) - Ակնկալեք տարվա սկզբին նախագօիծ, ապա՝ նախագծի քննարկում և ընդունում:
Ավելի քան մեկ ամիս փողոցային պայքարի դուրս եկած «Բարգավաճ Հայաստանը» շարունակում է պնդել՝ իրենց պահանջը նույնն է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա: Իվետա Տոնոյանի գնահատմամբ՝ Փաշինյանի կառավարությունն արտահերթ ընտրություններ կազմակերպելու և անցկացնելու համար բավարար լեգիտիմություն չունի:
Ճեպազրույցով պատգամավորներն ամփոփեցին նստաշրջանի վերջին հերթական քառօրյան: Մինչև տարեվերջ սպասվում են նաև արտահերթ նիստեր: