Քաղաքականության մեջ հակված չեմ առաջնորդվել Նոստրադամուսի սկզբունքով: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ քվեարկեն «Լուսավոր Հայաստան» խմբակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի օգտին:
«Մենք այս պահին ունենք մեկ օրակարգ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Վազգեն Մանուկյանը 17 քաղաքական ուժերի, ինչպես նաև հանրային տարբեր շրջանակների կողմից առաջադրված վարչապետի թեկնածուն է: Նրա վարչապետ դառնալուց և անցումային կառավարություն ձևավորելուց հետո արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման միջոցով կձևավորվի նոր իշխանություն:
Մարուքյանն ու իր ղեկավարած ուժն ունեն իրենց օրակարգը, նրանք կարող են բացառել կամ չբացառել իշխանությունների հետ քննարկումներ կամ բանակցություններ այս կամ այն համատեքստում, մեր օրակարգում չկա նման հարց»,- նշեց Տոնոյանը՝ հավելելով, որ իշխանության կողմից նաև արտահերթ ընտրությունների վերաբերյալ կոնսուլտացիաների առաջարկ չեն ստացել: