ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ չբացառեց, որ ինչ-որ իրավիճակում, եթե ԱԺ-ում քննարկվի 16 կուսակցությունների ներկայացրած ընդդիմության միասնական թեկնածուի հարցը, կքվեարկի Վազգեն Մանուկյանի օգտին:
«Քաղաքականության մեջ ես չեմ կարող դա բացառել, նաև իրենք պետք է չբացառեն, որ ինչ-որ պահի կաջակցեն մեր թեկնածուին: Եթե իրենք բացառեն, բնականաբար, մենք էլ կարող ենք բացառել»,-նշեց Մարուքյանը:
Նրա խոսքով՝ ցանկացած ուժ, որը իշխանություն կլինի, պետք է երաշխավորի արտահերթ խորհրդարանական ընտրությունների թափանցիկ և ազատ անցկացումը: Մարուքյանը վստահեցրեց, որ սա առանցքային հարց է եղել իր և Վազգեն Մանուկյանի հանդիպման ժամանակ:
«Եթե հարց է առաջանում՝ ո՞վ կարող է արդար կազմակերպել, ու՞մ եք վստահում, մենք մեզ ենք վստահում: Ոչ թե ինչ-որ մեկին չենք վստահում, այլ առաջինը մեզ ենք վստահում»,- նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը: