Արդեն մեկ շաբաթից ավելի Ստեփանակերտում գործում է «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ բացված ժամանակավոր հացատունը: Այն նախատեսված է առանց խնամքի մնացած տարեցների ու բազմազավակ ընտանիքների համար:
Լիլիթ Գրիգորյան («Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի համակարգող) - Սկզբում քիչ էին այցելուները, երբ որ նոր էինք մարդկանց տեղեկացնում: Շտաբներից վերցրել ենք տվյալներն ու զանգում ենք մարդկանց: Հիմա այցելուների թիվն ավելացել է՝ մոտ 100-150:
Օգտագործելով մեծ մասամբ տեղական արտադրանքը՝ խոհարարները փորձում են տնական սնունդ մատուցել խոցելի խմբերին:
Անատոլի Հարությունյան (խոհարար) - Պատասխանատու գործ է, ու ժողովրդի համար էլ լավ է: Մատակարարում ենք սնունդ: Հիմնականում գալիս են տարեցներն ու երեխաները, և պատասխանատվությունն այդտեղից սկսվում է:
Փոքրիկներն ավելի երկար ժամանակ են անցկացնում հացատանը: Պատճառը կահավորված անկյունն է, որտեղ կարող են խաղալ միայն սնվելուց հետո՝ հիշեցնում են սոցիալական աշխատողները:
Թագուհի Միրզախանյան («Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի սոցիալական աշխատող) - Մենք ինքներս էլ փորձում ենք ինտեգրվել, ինտեգրվել մեկս մյուսին: Ջերմ մթնոլորտ է տիրում, ամբողջ օրը գալիս են, գրկախառնվում են, արդեն սպասում ենք:
Ժամանակավոր հացատանը կամավորության սկզբունքով նաև երիտասարդներ են աշխատում և փորձում ընտանեկան մթնոլորտ ապահովել: