ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ Ընտրական օրենսգրքի փոփոխության մասին հարցին՝ նշելով, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություն ՀՀ-ում արդեն տեղի ունեցել է, բայց դա վերաբերում է միայն տեղական ինքնակառավարման մարմիններին:
«Երբ որ Ընտրական օրենսգրքի վրա աշխատող աշխատանքային խումբը ձևավորվեց, մենք համատեղ մեր բոլոր գործընկերների հետ նստել, ժամանակացույց ենք հաստատել, թե ինչ հերթականությամբ ենք անելու փոփոխությունները: Տեղական ինքնակառավարումն ավելի հրատապ էր, որովհետև ինքնակառավարման ընտրություններն ավելի վաղ էին լինելու: Հաջորդիվ լինելու էին Ընտրական օրենսգրքի քննարկումները»,- նշեց Դանիելյանը:
Սեպտեմբերին այդ գործընթացը սառեցվել է, իսկ հիմա այդ աշխատանքների ամփոփման փուլն է: Փորձելու ենք ունենալ նախագիծ առաջիկա մեկ ամսվա ընթացքում, իսկ հետո այն կդրվի քննարկման՝ համապատասխան ընթացակարգով:
«Ակնկալեք տարվա սկզբին նախագիծ, իսկ հաջորդող երկու ամիսների ընթացքում նախագծի քննարկում և ընդունում»,- նշեց պատգամավորը: