ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով երեկ Թուրքիայի նախագահի հնչեցրած հայտարարություններին, ընդգծեց, որ դրանք հակասում են մեկը մյուսին:
Մարուքյանի խոսքով՝ այն, որ նա շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը և առանձնակի դիտավորությամբ հնչեցնում է նոր ցեղասպանություն իրականացնողի անունը, նշանակում է, որ Թուրքիան չի հրաժարվել իր ցեղասպանական քաղաքականությունից:
«Թուրքիայի և Ադրբեջանի լիդերների հայտարարություններն, ըստ էության, այն մասին են, որ այս տարածաշրջանում խաղաղության մասին խոսել դեռ երկար չի հաջողվելու, և պատահական չէ Ռուսաստանի ռեակցիան: Ըստ էության, հայտարարություններով նրանց դեմ են գնում, որովհետև այս փաստաթղթի միջնորդը և պահպանողը, հետևողը ՌԴ-ն է՝ որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկիր, որպես Մինսկի խմբի համանախագահ»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ մինչև Թուրքիան ու Ադրբեջանը չհրաժարվեն այդ մոտեցումներից, չի պատկերացնում որևէ գործակցություն՝ հանուն տարածաշրջանի զարգացման: