12 հազար գրքի վաճառք ընդամենը մեկ օրում: Գրքասերները «Բուկինիստում» գրքախառնվել էին մեծ զեղչի շուրջ: Արդեն 5 տարի է «Բուկինիստը» նման նվեր է մատուցում իր հավատարիմ ընթերցողներին: Իմ գործընկեր, գրքասեր Հովհաննես Վարդանյանը նույնպես օգտվել է մեծ զեղչից, գնումը՝ Նարինե Աբգրայանի «Զուլալի»-ի հայերեն տարբերակն է:
Ընթերցողները Հայաստանի ամենահին գրախանութում են. մի լավ գրքախառնվելու օր է: «Բուկինիստն» այս անգամ ոչ թե մեկ գիշեր, այլ մի ամբողջ օր ու գիշեր է գրքին նվիրել: Գրախանութների ցանցը, որ 13 վաճառակետ ունի, արդեն 5-րդ տարին է՝ ընթերցողին առաջարկում է օգտվել մեծ զեղչերից:
Խաչիկ Վարդանյան («Բուկինիստ» գրախանութների ցանցի տնօրեն) - «Ուրախալի աժիոտաժ է, այսինքն՝ սա աժիոտաժ չէ, հետաքրքրություն է գրքի, ընթերցանության, գիտելիքի նկատմամբ: Դեպի գիտելիքն է հետաքրքրությունը մեծացել, իսկ այն կրթում է մարդուն, ավելի է ազնվացնում, ավելի մաքրում»:
88 տարվա պատմություն ունեցող գրախանութի երկարամյա տնօրենը համոզված է, որ լավագույն նվերը մնում է գիրքը: Ամբողջ տեսականին զեղչել են, որ ամեն գիրք գտնի իր ընթերցողին, և հակառակը:
Խաչիկ Վարդանյան - «Վերջին տարիներին սարից գլորվող ձնագնդի նման մեր ընթերցող հասարակությունն ավելի մեծացավ, շատացավ: Օրինակ, մի քանի տարի առաջ 1000 տպաքանակը եթե վաճառվում էր, սպառվում էր մեկ տարում, մենք համարում էինք, որ հասել ենք նպատակի: Մենք հիմա 5000 ենք վաճառում՝ 10 ամսում»:
Ոմանք ընտրությունն արդեն կատարած, մյուսներն էլ տեղում ընտրելու, խորհրդակցելու, նոր գրքի էջերը տեղում թերթելու համար էին գրախանութ եկել: Գրքասեր Լիլիթը գնում է քաղաքական, նաև գեղարվեստական գրականություն:
Լիլիթ Հարությունյան - «Ականատես ենք լինում, որ մարդիկ իրականում շարունակում են գիրք կարդալ ու նման միջոցառումները օգնում են, որ մարդիկ ավելի շահագռգռված հենց գիրք տարբերակը վերցնեն, այլ ոչ ասենք էլեկտրոնային»:
Գրքի տան բոլոր բաժիններում մթնոլորտը գրքոտ էր: Հեղինե Մադոյանն ասում է՝ վերջին տարիներին նախընտրում էին հիմնականում գեղարվեստական գրականություն, հիմա ավելի շատ հարցնում են մանկական ու մոտիվացիոն գրքեր.
Հեղինե Մեդոյան («Բուկինիստ» գրախանութների ցանցի կոմերցիոն տնօրեն) - «Ունենք այնպիսի ընթերցողներ, որոնք նախապես արդեն ընտրում են, որոշում են, թե ինչ պիտի գնեն, գալիս ստուգում են խանութում կա, թե չկա, իրենց համար պլանավորում են, որ այս օրը մոտենան, զեղչով կատարեն իրենց գնումները»:
Լիբանանահայ լրագրողի համար գրքի գիշերը միշտ տոն է եղել: Ասում է՝ իրավիճակը պետք է հաղթահարել, իսկ դրա լավագույն լուծումը ընթերցանությունն է: Չորս գիրք է ընտրել: Դրանք կկարդա, որ նորից գրախանութ գա:
Սագօ Արեան (Լրագրող) - «Այս օրը միշտ հաճելի է եղած է ինձ համար և տարիներու ավանդություն կա հատկապես այս օրը օգտվիլ այս զեղչերեն, չնայած անոր, որ քովիդ կա, բայց, կարծեմ, հարմար է վիճակը, որ մարդիկ մոտենան և գիրքեր վերցնեն: Հիմա ալ ավելի պարտադրված կզգամ ավելի շատ կարդալ»:
Արդեն հաջորդ օրը պարզվեց, որ «Բուկինիստը» մի ամբողջ օր ու գիշեր վաճառել է շուրջ 12.000 գիրք, մինչդեռ սովորական օրերին յուրաքանչյուր գրախանութ վաճառում է օրական մոտ 300-ը: